Հայաստանում Եվրամիության TEMPUS ծրագիրը գործում է արդեն մոտ 10 տարի:
2010 թվականի հունվարին մրցույթը շահել և ծրագրին մասնակցելու հնարավորություն են ստացել Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան:
Ծրագիրը, որ շարունակվելու է մինչև 2013 թվականը, նպատակ ունի այս երկու բուհերում ներմուծել արտմենեջմենթ առարկան:
«Առաջին լրատվականի» հետ զրույցում Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի միջազգային կապերի վարիչ Մերի Պատվականյանը նշեց. «Արվեստի շուկան պահանջում է ստեղծել արվեստը կառավարողների խումբ, և քանի որ Հայաստանում արվեստը կառավարելու, միջազգայնացնելու կուլտուրան դեռ զարգացած չէ, ծրագրի շրջանակներում մեր առաջնային նպատակն է ստեղծել խորհրդատվական մարմին»:
Նշենք, որ այսօր Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում ծրագիրը շահած երկու ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել էր հանդիպում, որի ավարտին պետք է ձևավորվեր նշված խորհրդատվական մարմինը և իրականացվեին համապատասխան քննարկումներ, ներկայացվեին առաջարկներ հետագա գործունեության վերաբերյալ:











































