Ալավերդու պղնձաձուլական գործարանը հոկտեմբերի 19-ին դադարեցրեց աշխատանքը, որին անմիջապես հաջորդեց վերջինիս «գործազուրկ» աշխատակիցների բողոքի ակցիան՝ Ալավերդու միջպետական, դեպի Վրաստան տանող ճանապարհը մի քանի ժամ փակելով:
Գործարանը շահագործող «Էյ-Սի-Փի» ընկերության կողմից գործարանի աշխատանքների դադարեցումը «պատասխանն» էր սեպտեմբերին բնապահպանության նախարարության կողմից ընկերությանը վտանգավոր արտանետումների թույլատրելի նորմերը բազմապատիկ գերազանցելու համար 387 միլիոն դրամի տուգանք ներկայացնելուն ու մինչև դեկտեմբեր արտանետումները նվազեցնելու ժամանակ տալուն։ Մինչ այդ, հոկտեմբերի սկզբներին, այս ընկերությունը կառավարությունից պահանջեց չեղարկել բնապահպանական խախտումների համար տեսչական մարմնի սահմանած տուգանքն ու համաձայնել արտանետվող ծծմբային անհիդրիդի (SO2) սահմանված տարեկան 5600 տոննա թույլատրելի չափաքանակը հասցնելու մինչև 40000 տոննայի։ Օրեր առաջ էլ գործարանում տեղի ունեցած քննարկման ընթացքում «Էյ-Սի-Փի» ընկերությունը վերջնագիր ներկայացրեց կառավարությանը՝ նշելով, որ իրենց վերոնշյալ պահանջները չբավարարելու դեպքում կդադարեցնեն աշխատանքը։
Գործարանից թույլատրելի արտանետումներին վերաբերող ժամանակավոր չափաքանակներին վերաբերող ակտը գործում է 5 տարվա սկզբունքով: Վերջինը վերաբերել է 2012թ.-ի հոկտեմբերի 1-ից մինչև 2017թ.-ի հոկտեմբերի 7-ը: Այդ չափաքանակներով գործարանին թույլատրվում էր Կոշաբերդի 20 մետրանոց ծխատարով մինչև 2016թ.-ի հոկտեմբերի 1-ը օդային ավազան նետել 27,979,1 տոննա, 2016թ.-ի հոկտեմբերի 1-ից մինչև 2017թ.-ի հոկտեմբերի 1-ը՝ 13,988,5 տոննա, 2017թ.-ի հոկտեմբերի 1-ից՝ 5595,8 տոննա արտանետումներ: Այսօր ընկերությունը վերջնագրի ձևով պահանջում է թույլատրվածից 6-7 անգամ ավելին:
Գործարանի արտանետումների 99,4%-ը կազմում է ծծմբային անհիդրիդը՝ SO2: Սրա արտանետման քանակը 90%-ով նվազեցնելու համար «Էյ-Սի-Փի»-ն ժամանակին պարտավորվել էր մինչև 2017թ.-ի հոկտեմբերի 1-ը կատարել արտանետվող գազերի քիմիական մաքրման համակարգի ներդրում, նույնն է թե՝ շահագործել ծծմբական թթվի արտադրամասը: Սակայն հիմա հրաժարվում են ստանձնած պարտավորությունից՝ պատճառաբանելով, որ ծծմբական թթվի արտադրամասը մոտակա տարիներին չեն կարող շահագործել, քանի որ Հայաստանում սրա պահանջարկը չկա, միջազգային շուկա դուրս գալու համար էլ երկրում համապատասխան տրանսպորտային միջոցներ չկան:
Այդ ամենից զատ՝ ընկերությունն այս տարիներին ամեն կերպ խուսափել է բնապահպանական անգամ չնչին վճարներից: Դեռ 2011թ.-ին, մինչ գործարանի վտանգավոր արտանետումների համար նախատեսված ծխնելույզը կբարձրացվեր Կոշաբերդ սարի գագաթը, «Էյ-Սի-Փի»-ն վտանգավոր արտանետումների համար պետբյուջե է վճարել 444 մլն դրամ բնապահպանական վճար: «Բայց գործարանը 100մ խողովակից իրականացվող իր հիմնական արտանետումները տեղափոխել է Կոշաբերդ սարի գագաթ՝ տեղադրելով այնտեղ արտանետման 20 մետրանոց նոր խողովակ, համարել է, որ իր խողովակի բարձրությունը 320 մ է, ընդունելով սարի 300 մ + խողովակի 20 մ բարձրությունը, արտանետման նորմը ավելացրել է գրեթե 10 անգամ: Բնապահպանական վճարներն էլ կախված են նրանից, թե քանի անգամ են գերազանցում արտանետումները այդ նորմը: Այս մանիպուլյացիայի արդյունքում գործարանի բնապահպանական մուծումները շեշտակի նվազել են, չնայած որ արտանետումների քանակները ավելացել են: Իրականում ընդունելով պղնձաձուլական գործարանի արտանետումների խողովակի բարձրությունը ռեալ 20 մետրը՝ գործող օրենսդրությամբ «Էյ-Սի-Փի» ընկերությունը պետք է վճարի տարեկան մոտ 2 միլիարդ դրամ բնապահպանական վճար»,- ասում է փորձագետը: Մինչդեռ վճարվում է տասնապատիկ պակաս:
Արտահետումներն էլ բերել են Ալավերդու տարածաշրջանի անտառազրկմանը: Գործարանից արտանետվող SO2-ը մթնոլորտում անձրևաջրի կամ մթնոլորտի խոնավության հետ լուծվում է, դառնում ծծմբական թթու, որ նստելով տերևի վրա՝ ժամանակի ընթացքում սպանում է այն ու ծառը: Նույն սկզբունքով ազդում է նաև կենդանի օրգանիզմի վրա: Այդքան արտոնություններով հանդերձ՝ պղնձաձուլարանը, հայտնվելով ծանր ֆինանսական վիճակում, գրավադրված է ռուսաստանյան ՎՏԲ բանկում, և ընկերությունն էլ հայտարարել է, որ չի բացառվում, որ Ալավերդու գործարանն անցնի ՎՏԲ-ին, ինչպես մեկուկես ամիս առաջ բանկին անցավ նույն ընկերությունների խմբին պատկանող Թեղուտի հանքավայրը։
Հոկտեմբերի 23-ին կայացած փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և Ալավերդու պղնձաձուլարանի սեփականատեր, «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի բանակցություններից հետո եկել են համաձայնության, որ գործարանը կվերագործարկվի ու առաջիկա մեկ տարվա ընթացքում չի փակվի։
Ինչն է այս ամենում էական, և ինչու որոշակի մանրամասներ ներկայացրինք այս ընկերության գործունեությունից: Ընդամենը մի քանի թվերի ֆիքսումից հասկանալի է դառնում, որ սրա նկատմամբ նախկին իշխանությունների կողմից դրսևորվել է «ընդգծված հանդուրժողականություն» բնության հաշվին, տարածաշրջանի բնակչության առողջության և տրամաբանորեն նաև՝ բյուջեի մուտքերի հաշվին: Հասկանալի է նաև, որ այդ ամենը «հենց այնպես չի լինում»:
Օրերս էլ 1in.am-ի տաղավարում Նվեր Մնացականյանի հյուրն էր «Լիդիան Արմենիայի» հայաստանյան տնօրենը, որի խոսքի կցկտուր լինելը, բազում էական հարցեր անպատասխան թողնելը, դրանցից շեղվելը Ալավերդու սկզբունքով մտորելու տեղիք է տալիս: Կասկած չկա, որ մոտավորապես նույն պատկերն է ստացվելու հայաստանյան ցանկացած հանքարդյունաբերական ընկերության գործունեությունը դիտարկելուց: Միայն այն հանգամանքը, որ սրանց պրոդուկտը վաճառվում է օֆշորային ընկերություններին շուկայականի գրեթե կես գնով, հեռուն գնացող հետևությունների տեղիք է տալիս, ընդհուպ մինչև կոռուպցիոն ստրուկտուրաների գոյության՝ նախկին բարձրագույն դեմքերի ընդգրկվածությամբ:
Այդքանով հանդերձ՝ այսօր այս ոլորտում իրավիճակ փոխելու, սրբագրումներ մտցնելու ամենալավ պահը չէ: Ցանկացած նման քայլի դեպքում կառավարությունը պարտվելու է: Չմոռանանք, որ մեր տնտեսության մեջ այս ոլորտի մասնաբաժինը թե՛ հարկերի, թե՛ զբաղվածության առումով շատ մեծ է: Եվ կառավարության կողմից ոլորտում արված ամեն մի կտրուկ քայլ բերելու է սաբոտաժի, ինչի ականատեսը եղանք Ալավերդու պարագայում:
Այս փուլում պարտադրանքի չգնալը բոլորովին էլ կառավարության թուլության նշան չէ, բայց կարող է մարդկանց մեջ հիասթափություն առաջացնել: Շտապողների դեպքում, որ կառավարությունը չի կարողանում սրանց հախից գալ, չի կատարում իր խոստումները, իսկ նման ընկերություններում աշխատողների մոտ էլ՝ դժգոհություն, որ կառավարությունն իրենց գործազուրկ է դարձնում: Շտապել պետք չէ: Եթե շտապել, ապա շատ դանդաղ, որովհետև ցանկացած դեպքում առաջանում է մարդկանց զբաղվածության խնդիր, ընդ որում՝ հարյուրավոր մարդկանց, որ այս պահին հնարավոր չէ այլ տարբերակով լուծել: Հետևաբար մնում է հնարավորինս արագ մշակել ոլորտի զարգացման նոր ռազմավարություն, յուրաքանչյուր նման ընկերության համար համատեղ մշակել նոր իրավիճակում գործունեության ճանապարհային քարտեզ ու փորձել վերջիններիս «սանձել»: Այլապես սրանց դեմ ուղղված ժողովրդահաճո քայլերը բումերանգի էֆեկտով շատ արագ հարվածելու են կառավարությանը, որը գոնե հիմա բոլոր դեպքերում էլ պարտվողի դերում է լինելու, ինչը երկրին պետք չէ:










































