Ազատության հրապարակում «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության հրավիրած հավաքի ժամանակ ելույթ ունեցավ նախաձեռնության անդամ Գևորգ Գորգիսյանը:
Նա նշեց, որ այսօր չի ցանկանում խոսել օրենքի հակասահմանադրականության, թերությունների, որպես առավելություն ներկայացվող թերությունների, ինչպես նաև աշխատավարձերի նվազման ու չարաբաստիկ ֆոնդերի մասին, քանի որ պատրաստ են միշտ պատասխանել ցանկացած հարցի նախաձեռնության ֆեյսբուքյան էջում:
«Այսօրվա մեր համախմբվածության մասին եմ ուզում խոսել, դա աննախադեպ է: Այսօր նույն հարթակից ելույթ են ունենում զանազան քաղաքական միավորումների ներկայացուցիչներ՝ անկախ անհատ քաղաքացիներ, հավաքված են տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, տարբեր քաղաքական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և հետևորդներ: Մենք այստեղ ենք, քանի որ ՀՀ քաղաքացիներ ենք և մեզ է պատկանում մեր երկրի իշխանությունը, մենք ենք տերը մեր երկրի: Կուզեի ամրագրենք, որ ոչ ոք մեր երկրի խնդիրները չի լուծելու, մենք ամենքս մեր ամենօրյա գործունեությամբ պայքարենք հանուն մեր վաղվա օրվա: Կեցցե ՀՀ պահանջատեր քաղաքացին»,- նշեց Գևորգ Գորգիսյանը:
Հիշեցնենք, որ հավաք-երթի նպատակներն են.
1. Եվս մեկ անգամ իրազեկել հանրությանը օրենքի հակասահմանադրականության, հակասոցիալական կետերի մասին
2. Ցույց տալ ՀՀ ղեկավար մարմիններին մեր համախմբվածությունը, կազմակերպվածությունը, պայքարելու պատրաստակամությունն ու վճռականությունը
3. ՍԴ-ից պահանջել կասեցնել, այնուհետև հակասահմանադրական ճանաչել օրենքը:
Հավաքի ավարտից հետո կմեկնարկի երթը՝ Ազատության հրապարակ–Մաշտոց–Սայաթ-Նովա–Աբովյան–Հանրապետության Հրապարակ–Ամիրյան–Մաշտոց–Ազատության հրապարակ երթուղով:
Առաջարկում ենք նրա ելույթին ամբողջությամբ ծանոթանալ տեսանյութի միջոցով:






































