Հոկտեմբերի 28-ին Վրաստանում նախագահական ընտրություններ կանցկացվեն, և երկիրը կընտրի հինգերորդ նախագահին: Այս ընտրություններն առանձնահատուկ են մի քանի պատճառով. դրանք վերջինն են, երբ նախագահն ընտրվում է համաժողովրդական քվեարկությամբ: Փոփոխված Սահմանադրությամբ՝ հաջորդ նախագահն ընտրվելու է հինգ տարով՝ 300 հոգանոց կոլեգիայի կողմից: Բացի դրանից՝ սա առաջին դեպքն է, երբ իշխող կուսակցությունը, տվյալ պարագայում՝ «Վրացական երազանք»-ը թեկնածու չի առաջադրում, բայց փոխարենն աջակցում է անկախ թեկնածուին՝ Սալոմե Զուրաբաշվիլիին, և եթե նրան հաջողվեց հաղթել, ապա Վրաստանը կունենա պատմության մեջ առաջին կին նախագահը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է վրացագետ Ալիկ Էրոյանցի հետ:
«Թեկնածուները 25-ն են, որոնցից 19-ն առաջադրվել է քաղաքական կուսակցությունների կողմից, 6-ը՝ նախաձեռնող խմբերի: Հնարավորինս բարձր ձայներ հավաքելու հավանականություն ունեն հիմնական 3-4 թեկնածու: Նրանք են՝ անկախ թեկնածու Սալոմե Զուրաբաշվիլին, որին աջակցում է իշխող կուսակցությունը, մյուս երկուսը նախկին իշխանությունների ներկայացուցիչներ են՝ նախկին արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն և Դավիթ Բաքրաձեն, որը ևս բարձր պաշտոն է զբաղեցրել, եղել է խորհրդարանի խոսնակը: Եվ չորրորդին կցանկանայի նշել՝ Դավիթ Ուսուպաշվիլիին, որը ևս զբաղեցրել է խորհրդարանի խոսնակի պաշտոնը և բարձր ձայներ հավաքելու որոշակի հնարավորություն ունի»,- ասաց Էրոյանցը:
Մեր զրուցակցի խոսքերով՝ նախընտրական քարոզչության ընթացքում բավականին ակտիվ և բուռն գործընթացներ էին զարգանում այն առումով, որ հիմնականում գերիշխում էին քննադատությունները հակառակորդների հանդեպ, քան ծրագրային դրույթների ներկայացումը: Էրոյանցի գնահատմամբ՝ Վրաստանում նախընտրական դեբատներն անցել են բավականին լարված մթնոլորտում: «Որքան էլ որ նախագահի պաշտոնը դիտարկվում է որպես սիմվոլիկ, այդուհանդերձ, ընտրությունները հայտնվել են բավականին մեծ ուշադրության կենտրոնում, ոչ միայն Վրաստանում, այլ նաև դրա սահմաններից դուրս: Բնական է, որ Հայաստանի համար ևս պետք է ընտրությունները հետաքրքրություն ներկայացնեն, քանի որ անմիջական հարևան է, ունենք բարձր մակարդակի քաղաքական, նաև տնտեսական հարաբերություններ»,- հավելեց նա:
Այն հարցին, թե թեկնածուների նախընտրական քարոզարշավի ժամանակ արտաքին քաղաքական հարցերին ինչ տեղ է հատկացվել, ինչ անդրադարձ է կատարվել Վրաստանի հայությանը, հայերի խնդիրներին, մեր զրուցակիցն ասաց. «Ընդհանուր առմամբ, թեկնածուները հիմնականում անդրադարձել են ՆԱՏՕ-ին, Եվրամիությանն անդամակցելու հարցերին, հարևանների հետ լավ հարաբերություններին, բայց մասնավորեցման, առանձնացման առումով որոշակի կետեր չկան: Իսկ ինչ վերաբերում է էթնիկ կամ ազգային փոքրամասնություններին, ապա, ընդհանուր առմամբ, հիմնականում դիտարկվել են ազգային փոքրամասնություններ, սեռական փոքրամասնություններ, գնահատականը և մոտեցումները եղել են ընդհանուր…»:
Խոսելով վիրահայության հետ Զուրաբաշվիլիի հանդիպման մասին՝ Էրոյանցը նշեց, որ այդ հանդիպումից հետո մեծ աղմուկ բարձրացավ: Մասնավորապես, Վրաստանի ադրբեջանական համայնքը, ադրբեջանական լրատվամիջոցները բուռն քննադատության ենթարկեցին նախագահի թեկնածուի հայտարարությունն այն մասին, որ նախկին իշխանությունները քաղաքացիություն են շնորհել ազգությամբ թուրքերի կամ ադրբեջանցիների, ինչի հետևանքով տուժել են տեղի հայերը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:









































