Դեկտեմբերին Բահրեյնում բարձրացել էր բողոքի ակցիաների ալիք: Մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցավ նմանատիպ 745 ակցիա: Բահրեյնի իրավապաշտպանների տվյալներով՝ երկրում հանրահավաքներին մասնակցելու համար ձերբակալվել է 183 մարդ, որոնցից 31-ը՝ երեխաներ: Շիաների ընդդիմադիր կուսակցության՝ «Ալ-Վեֆաք»-ի հաշվետվությունում նշվում է, որ շատերին դեռևս ձերբակալում են հենց տներից: Փաստաթղթի համաձայն՝ արձանագրվել է առանց ձերբակալման և խուզարկության օրդերի բնակարան ներխուժելու 207 դեպք:
3 տարի առաջ Բահրեյնի ժողովուրդը, ոգեշնչվելով Թունիսի և Եգիպտոսի իրադարձություններից, ոտքի ելավ ընդդեմ ռեժիմի՝ պահանջելով բարեփոխումներ: Սակայն ապստամբությունը դաժանաբար ճնշվեց մի քանի շաբաթվա ընթացքում: Երկրում, սակայն, բողոքի ալիքները չեն դադարում, իսկ իշխանությունը դրանց պատասխանում է նոր ճնշումներով:
Հաշվետվության հեղինակների տվյալներով՝ ավելի հաճախակի է դարձել նաև մարդկանց առևանգումը: Նրանց ձերբակալում և բանտ են նետում՝ հարազատներին ոչ մի տեղեկություն չհայտնելով:
Բահրեյնի խորհրդարանի նախկին պատգամավորի կարծիքով՝ երկրի իշխանություններն իրենց բոլորից բարձր են դասում և ժողովրդին ստրուկ են համարում: Կառավարությունը ոչ ոքի թույլ չի տալիս խոսել ժողովրդավարության մասին:










































