«Արդարացում Շանթ Հարությունյանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Արամ Ավետիսյանը բաց նամակ է ուղղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։
«Պարոն Նիկոլ Փաշինյան. պետք չէ Շանթին խնդրել, որ դուրս գա բանտից: Դա ձեր լիազորությունների նույնքան վերազանցում է, որքան դատավորներին զանգելը: Շանթը քրեական հանցագործ չէ՛, որի պատիժը կարելի է մեղմել, պատժաչափը կրճատել, կամ պարզապես ներել:
Շանթը հայ ժողովրդի, հայկական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, նաև ձեր կողմից ճանաչված քաղբանտարկյալ է, և նրա արդարացումն ու ազատությունը, ոչ թե իր կամ իր փաստաբանների, այլ Ձեր՝ ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքների երաշխավորի, պարտականությունն է:
Կարծում եմ սեփական փորձով արդեն համոզվել եք, որ ամբոխահաճ հռետորաբանությունը արդյունավետ, բայց ժամանակավոր միջոց է: Դրան անպայման հետևում է իրականությանն առերեսվելու հրամայականը: Իր ողջ գիտակցական կյանքը Հայաստանի անկախության ու ապագաղութացման պայքարին նվիրած առաջամարտիկին բանտում պահելով, նոր, «ազատ», «արդար» և «թափանցիկ» ընտրություններով ստեղծվելիք իշխանությունը նոր Հայաստա՞նը, թե՞ ռուսական կայսրության նորացված գաղութն է կառավարելու»,-գրված է նամակում։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նիստում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Շանթ Հարությունյանին արդեն հինգ ամիս է՝ խնդրում է, որ բանտից դուրս գա։












































