Վրաստանի նոր վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, որն առաջին անգամ է լրագրողների հետ հանդիպել լայն ձևաչափով, պատրաստակամություն է հայտնել համագործակցելու Ռուսաստանի հետ Սոչիում օլիմպիադայի անվտագության ապահովման գործում և խոստացել է շարունակել ՆԱՏՕ-ին ինտեգրման ուղղությունը: Այս մասին հայտնում է Kommersant-ը:
Նրա խոսքով՝ իրենք ոչ միայն մտադիր են, այլև պարտավոր համագործակցել բոլորի հետ այնպիսի կարևոր հարցում, ինչպիսին ահաբեկչության դեմ պայքարն է: «Եթե մենք կարող ենք թեկուզ փոքր դեր խաղալ այդ ուղղությամբ, ապա ինչո՞ւ ոչ: Մենք այդ հարցում լիարժեք պատրաստկամություն ենք հայտնում»,- վստահեցրել է նախարարների կաբինետի 31-ամյա ղեկավարը:
«Վրաստանի կառավարությունը ձեռնարկել է մի շարք քայլեր Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. նշանակվել է Մոսկվայի հետ բանակցությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեպի Ռուսաստան արտահանումը մեծացել է երեք անգամ, ծրագրվում է այցագրային ռեժիմի մեղմացում Վրաստանի քաղաքացիների համար»,- թվարկել է Ղարիբաշվիլին Վրաստանի նոր իշխանությունների նվաճումները ռուսական ուղղությամբ:
Վրացի վարչապետն իր երկրի համար ռազմավարական նպատակ է համարում ինտեգրումը եվրոատլանտյան կառույցներում: Նա նաև համոզված է, որ Ռուսաստանը չի կարող խանգարել ԵՄ-ի հետ Վրաստանի Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրմանը:
Վարչապետը մի քանի կարևոր հայտարարություն է արել նաև ներքին քաղաքականության թեմայով: Նա աջակցություն է հայտնել նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մարմինը արտաշիրմելու գաղափարին: Ժվանիան մահացել էր 2005-ի փետրվարի 3-ին դեռևս չպարզված հանգամանքներում: Գործով ճշմարտության ի հայտ բերման գործընթացի առավելագույն թափանցիկության ապահովման համար նրանք մտադիր են դիմել շվեյցարական լաբորատորիայի օգնությանը, ստեղծել հատուկ հանձնաժողով՝ եվրոպացի իրավապաշտպան Թոմաս Համմերբերգի մասնակցությամբ: Նա հստակ ակնարկել է դատախազության և իշխող կոալիցիայի ներկայացուցիչների հայտարարությունը՝ Ժվանիայի մահվան գործում ապացույցերի կեղծման գործով Միխեիլ Սաակաշվիլիի հնարավոր հարցաքննության մասին:
Ղարիբաշվիլին նաև չի բացառել, որ ներկայումս ԱՄՆ-ում գտնվող Սաակաշվիլին կարող է հարցաքննվել մեկ այլ սկանդալային գործով, որը վերաբերում է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիի ֆինանսական խարդախություններին: Ներկայումս Կեզերաշվիլին ֆրանսիական բանտում սպասում է Վրաստան արտաքսման:









































