Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի համաձայն` ՊԲ-ում անցկացված հրամանատարական հավաքների կարևորագույն ուսումնամարտական միջոցառումը բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում խաղարկված մարտական հրաձգությամբ ուղեկցվող ցուցադրական գումարտակային մարտավարական զորավարժությունն էր: Այս մասին հաղորդում է Արցախպրեսը: Եզրափակիչ փուլին հետևում էին ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչներ:
Իսկ որպես ուսուցանվողներ հրավիրվել էին հրամանատարական հավաքի մասնակիցները: Նախքան մարտական հրաձգության փուլին անցնելը, ծավալված ցուցադրման կետերում ներկայացվել են այն բոլոր առանձնահատկություններն ու մեթոդական հարցերը, որոնք պետք է տեղ գտնեն յուրաքանչյուր նման զորավարժության պլանավորման և անցկացման ժամանակ:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել գումարտակային մարտավարական զորավարժության ժամանակ մշակվող մարտական փաստաթղթերին ու պաշտոնատար անձանց պարտականություններին, զորամասերի հրամանատարներին ու նրանց տեղակալներին ներկայացվել են ՊԲ-ում ներդրված նորագույն սարքավորումներն ու մի շարք նոր զինատեսակներ, որոնք նախատեսված են հետախուզության վարման ու տեսադիտարկման իրականացման, մարտավարական նոր հնարքների կիրառմամբ` հակառակորդին առավել մեծ կորուստներ պատճառելու համար: Ընդ որում, հարկ է նշել, որ ներկայացված նորամուծությունները բավականին բարձր արդյունավետությամբ արդեն իսկ կիրառվում են ՊԲ-ում:
Գաղտնիության որոշակի նկատառումներից ելնելով՝ դեռևս հնարավոր չէ հանգամանորեն խոսել ներկայացված նոր զինատեսակների մասին, սակայն առաջ անցնելով նշենք, որ զորավարժության ընթացքում առաջին անգամ, մարտականին առավելագույնս մոտեցված պայմաններում կիրառվեցին նաև նավարկային տեղորոշման համակարգերից անկախ գործող հարվածային անօդաչու թռչող սարքեր: Ի դեպ, նշված անօդաչու թռչող սարքերը նախագծվել ու արտադրվել են Արցախում և մեր երկրի համապատասխան մասնագետների կողմից:
Իսկ նախքան գաղտնազերծվելն ու մարտավարական զորախաղերում կիրառվելը, դրանք անցել են բավականին երկարատև փորձաշրջան և լիովին ապացուցել իրենց արդյունավետությունը:
Մարտական հրաձգության փուլի խաղարկման ժամանակ պայմանականորեն մեր ուժերի առաջին դիրք մխրճված հակառակորդին կանգնեցնելու նպատակով յուրային ուժերը զբաղեցնում են կրակային բնագիծ, այնուհետև անցնում հակահարձակման և, զգալի կորուստներ պատճառելով հակառակորդին, վերականգնում առաջնագիծը: Պայմանական մարտի ամբողջ ընթացքում իրականացվել է անընդհատ ղեկավարում, կազմակերպվել արդյունավետ փոխգործակցություն, անձնակազմը գործել է մարտավարական առումով գրագետ ու հասել ցանկալի արդյունքի:
Գումարտակային մարտավարական զորավարժության արդյունքում կատարելագործվել են մասնակից ստորաբաժանումների հրամկազմի գիտելիքներն ու գործնական ունակությունները որոշումների ընդունման, տվյալների նախապատրաստման և հաշվարկների կատարման, ինչպես նաև փոխգործակցության անընդհատ ապահովման և ստորաբաժանումների ղեկավարման գործում, կրտսեր օղակի հրամանատարները հնարավորություն են ստացել զարգացնել որոշումներ ընդունելու և ենթականերին խնդիրներ առաջադրելու կարողությունները, անձնակազմը ձեռք է բերել բարոյամարտական ու կամային բարձր որակներ: Զորավարժության արդյունքները, ինչպես ուսումնամեթոդական, այնպես էլ մասնակից ստորաբաժանումների մարտունակության կատարելագործման առումով անչափ բարձր է գնահատել նաև զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը:
Գումարտակային մարտավարական զորավարժությունը հերթական անգամ փաստել է, որ ՊԲ-ում վերջին տարիներին իրականացված ու շարունակվող բարեփոխումները, ռազմատեխնիկական համալրման ու արդիականացման համալիր գործընթացները արդեն իսկ տալիս են շոշափելի դրական արդյունքներ և հակառակորդի հավանական սադրանքների դեպքում ՊԲ-ն ի զորու կլինի լիարժեք ապահովել Արցախի Հանրապետության անվտանգությունը:











































