Անցյալ տարի՝ 2013-ին, իրականացվել է մոտ 190 հազար 690 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների կամ սահմանափակումների պետական գրանցում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը: Նրա խոսքով՝ տարվա ընդհանուր արդյունքները դեռ ամբողջությամբ ամփոփված չեն, դրանք կհրապարակվեն հունվարի 25-ից հետո, սակայն մոտավոր պատկերն արդեն ուրվագծվում է:
«2012թ. համեմատ՝ 2013-ին տեղի է ունեցել իրավունքների ու սահմանափակումների գրանցման չնչին աճ, սակայն այդ աճը եթե վերցնենք ըստ գործարքների տեսակների, ճիշտ է, օտարման գործարքները աճել են, գրավադրումը աճել է, սակայն վարձակալությունները, որոնք հիմնականում գործարար միջավայրին են վերաբերում, նվազել են»,- հայտարարեց Ա. Մուսայանը՝ հավելելով, որ անշարժ գույքի գների կտրուկ փոփոխություններ չեն նկատվել:
«Գործարքների քանակի ակտիվությունը նվազել է, նախկին ակտիվությունը չէ, բայց ասել, թե կտրուկ նվազել են գները, այդպիսի բան չի երևում առայժմ»,- հավելեց Ա. Մուսայանը:








































