Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ստորագրել է 5 օրենք, որոնք հինգշաբթի ընդունել էր Գերագույն ռադան: Դրանք արդեն հասցրել են արժանանալ ԱՄՆ-ի ու Եվրոպայի քննադատությանը: Այս մասին հայտնում է ուկրաինական «Զերկալո նեդելի» թերթն իր կայքում:
Խոսքն օրինագծի մասին է, որը նախատեսում է քրեական պատասխանատվություն սահմանել զրպարտության համար, Ուկրաինայի ՔՕ-ում ավելացնել ծայրահեղական գործունեության մասին հոդվածները, այդ թվում՝ համացանցով ու ԶՄ-ներով նման նյութերի տարածման համար: Համաձայն օրենքի՝ ծայրահեղական են համարվում այն նյութերը, որոնք պարունակում են բռնի կերպով սահմանադրական կարգը փոխելու և իշխանության մարմինների գործունեությանը խոչընդոտելու կոչեր: Օրենքը նախատեսում է փորձագիտական եզրակացության հիման վրա օրենսդրությունը խախտող համացանցային ռեսուրսների հասանելիության սահմանափակում:
Մյուս 4 օրենքները վերաբերում են ավելի քան 5 ավտոմեքենաներից կազմված ավտոշարասյուն ձևավորելու համար պատասխանատվությանը, պատգամավորների անձեռնմխելիության հանման ընթացակարգերի պարզեցմանը, ֆուտբոլային հանդիպումների ժամանակ իրավախախտումների համար պատասխանատվությանը և հեռակա կարգով դատավարության վերաբերյալ Ուկրաինայի Քրեաընթացակարգային օրենսգրքում փոփոխությունների ներմուծմանը:
Interfax-ի փոխանցմամբ՝ հինգշաբթի ուշ երեկոյան ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն անհանգստություն է հայտնել Ռադայի ընդունած օրենքների, այդ թվում՝ զրպարտության համար քրեական պատասխանատվության մասին օրենքի առնչությամբ:
ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Պետդեպը «ոչ ժողովրդավարական» է որակել Ռադայի ընդունած մի շարք օրենսդրական ակտերը:










































