Իտալիան 4 մլն դոլար է վճարել որպես փրկագին ՝ ազատ արձակելու Stampa թերթի լրագրող Դոմենիկո Կիրիկոյին և բելգիացի քաղաքագետ Պիեռ Պիչինենին, ովքեր սիրիացի ապստամբների կողմից պատանդվել էին 2013-ի ապրիլին: Փրկագնի մասին տեղեկությունը հայտնում է ամերիկյան Foreign Policy պարբերականը՝ հղում անելով ընդդիմադիր Սիրիայի ազգային խորհրդի անդամ Մոտազ Շակլաբին, ով իտալական իշխանությունների և առևանգողների միջև հանդես է եկել միջնորդի դերով:
«Ես իմ սեփական աչքերով եմ տեսել գումարը և ներկա եմ եղել, երբ այն փոխանցվել է առևանգողներին»,- ասել է Շակլաբը:
Պարբերականի տվյալներով՝ Բեյրութում Իտալիայի դեսպանատունը հրաժարվել է այդ թեմայով մեկնաբանություններից: Հռոմում նույնպես դեպքից մանրամասներ չեն հայտնել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապստամբների ձեռքում հայտնված անձինք պատանդ են մնացել 152 օր: Սեպտեմբերի սկզբին նրանք ազատ են արձակվել, սակայն մինչ օրս չի եղել հաստատում առ այն, որ պատանդների համար փրկագին է վճարվել:










































