«Արևելյան գործընկերության» քաղաքացիական պլատֆորմին անդամակցությունը սառեցրած կազմակերպություններից «Ասպարեզ» ՀԿ-ի նախագահ Լևոն Բարսեղյանի կարծիքով՝ Մաքսային միության դեմ արտահայտված քաղաքացիների դիրքորոշումը, չնայած ցույցերի բացակայությանը, մնում է նույնը:
Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ պլատֆորմի վերջին հայտարարությունն էլ ավելի խիստ էր, քան անմիջապես սեպտեմբերի 3-ից հետո արվածը. «Քաղաքացիական պլատֆորմն իր վերջին հայտարարության մեջ նշեց, որ բացատրություններ է պահանջում իշխանություններից, խստորեն քննադատեց, իշխանություններին էլ մինչև հունվարի վերջ ժամանակ տվեց՝ բացատրություններ ներկայացնելու՝ անհասկանալի շրջադարձի հետ կապված: Ըստ հայտարարության՝ հակառակ դեպքում նոր ընտրությունները դառնում են օրակարգային և անխուսափելի: Կարծում եմ՝ այս դիրքրոշումն ավելի կոշտ էր, քան անմիջապես սեպտեմբերի 3-ից հետո հանդիպումների ժամանակ հնչած դիրքորոշումները»:
Լևոն Բարսեղյանը հավելեց, որ այն մարդիկ, ովքեր դժգոհ են և համարում են, որ Հայաստանի իշխանություններն անմեղսունակ պաշտոնական վարք են դրսևորում՝ մնում են նույն կարծիքին․ «Ես էլ մնում եմ իմ կարծիքին՝ առ այն, որ Հայաստանի իշխանությունները ժողովրդից չեն և դրանից բխում են բոլոր չարիքնեը, որ ունենք մեր գլխնին՝ Մաքսային կամ այլ»:
Մեր զրուցակցի կարծիքով՝ Սերժ Սարգսյանը կարող է արձակուրդից գալ և որոշել, որ Հայաստանը միանում է Ավստրալիային կամ Անտարկտիդային․ «Նայած ինչ քամիներ են գլխով անցնում, ոնց են ճնշում՝ ըստ այդմ էլ նա թելադրում է Հայաստանի արտաքին քաղաքականությունը և մեզ էլ տանում-մտցնում է այնտեղ, որտեղ իրեն շատ են ուզում մտցրած լինել»:
Մեր այն հարցերին, թե արդյոք բավարա՞ր են Մաքսային միությանն անդամագրվելու հակընդդեմ քայլերը, և ինչո՞ւ բողոքի ակցիաներ տեղի չեն ունենում, Լևոն Բարսեղյանը պատասխանեց․ «Ո՛չ, իհարկե բավարար չէ, որովհետև այդ հակառակ գործընթացը պետք է տանեն իշխանության դեմ պայքար տվող քաղաքական ուժերը: Ընդդիմադիր կամ իրեն ոչ իշխանական համարող քաղաքական ուժերի դերակատարությունն է: Բոլորն իրար են նայում, սպասում, որ տեսնեն՝ ինչ կլինի, իսկ ի՞նչ պետք է լինի»:
Նա նաև հավելեց, որ քաղաքացիական հասարակությունը իշխանությանը չի ձգտում, քննադատում է այդ իշխանութանը, իսկ մնացած քայլերը պետք է անեն իշխանության ձգտող ուժերը․ «Կարծես թե բավականաչափ խորհուրդներ, առաջարկություններ արվել են այն քաղաքական ուժերին, որոնք համարում են, որ Հայաստանի իշխանությունները ժողովրդից չեն և որ Հայաստանը Մաքսային միությանն անդամագրվելով կորուստ է ապրում: Ոչ իշխանության ձգտող ուժերը իշխանության ձգտող ուժերից ավելին չեն կարող անել»,- ասաց նա:
Իր հերթին՝ պատմական գիտությունների թեկնածու, քաղաքացիական ակտիվիստ Հայկակ Արշամյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով այն հարցին, թե ինչու է այսքան պասիվ քաղհասարակությունը Մաքսային միությանն անդամագրվելու հարցում, և ինչու այլևս բողոքի ակցիաներ և ցույցեր տեղի չեն ունենում, ասաց. «Միայն քաղհասարակության վրա հույս դնելով չէ, որովհետև նրանք, ովքեր դեմ են եղել նման քաղաքականությանը՝ նկատի ունեմ առանց ներքին քննարկումներ անցկացնելու, առանց հասարակության կարծիքը հարցնելու գնալ միանձնյա որոշումներ կայանցել և հայ ժողովրդի անունից կարծիք հայտնել, նույն դիրքորոշման են: Պարզապես ես կարծում եմ աջակցությունը շատ քիչ է, ինչպես և մնացած բոլոր պայքարներում՝ այստեղ միայն Մաքսային միությունը չէ»:
Նրա խոսքերով՝ բոլոր նմանատիպ պայքարներում մարդկանց մասնակցությունը քիչ է, և պետք է այդտեղ փնտրել պասիվության առկայությունը և ոչ թե կոնկրետ Մաքսային միության պարագայում:
Մեր այն դիտարկմանը, թե Ռուսաստանի հետ գազային համաձայնագրերի կնքման դեմ ավելի մեծ բազմություն էր հավաքվել, Հ. Արշամյանն ասաց․ «Այդ նույն ժողովուրդը, բնականաբար, դեմ էր նաև Մաքսային միությանն անդամագրվելուն, այսինքն Ազգային ժողովի դիմաց հավաքված մարդիկ դեմ էին նաև ՄՄ-ին: Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ գազային համաձայնագիրը կոնկրետ մարդկանց գրպանին էլ է կպնում»:
Հետաքրքրվեցինք նաև, թե մինչև Հայաստանի վերջնական անդամագրումը Մաքսային միությանը, այլևս հակընդդեմ քայլեր չե՞ն արվելու, հասարակությունն այսպես էլ համակերպվելո՞ւ է, ինչին ի պատասխան՝ մեր զրուցակիցն ասաց․ «Դժվար է ասել, ուղղակի մարդկանց մոտ Մաքսային միության վերաբերյալ ոչ մի պատկեր չկա, այսինքն մարդիկ չգիտեն, թե ինչի դեմ գնան պայքարեն: Նույնը հենց Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ էր, մարդկանց մոտ պատկերացում չկար, թե դա ինչ է, և դա շատ լավ օգտագործեցին , մանիպուլյացիայի ենթարկեցին»:
Որպես օրինակ՝ Արշամյանը բերեց այն, որ տարբեր «քաղաքական գործիչներ» ելույթ են ունենում և ասում, որ ԵՄ-ի հետ ասոցացվելը նշանակում է գնալ և միանալ միասեռականներին: Ըստ մեր զրուցակցի՝ դա նպաստեց մարդկանց մոտ Արևմուտքի և արևմտյան արժեքների հանդեպ վստահությունը կորցնելուն․ «Այս պարագայում ոչինչ չի արվում, և հանրապետական գործիչների կողմից Մաքսային միությանն անդամագրվելու քայլերը ներկայացվում են որպես հերոսություն: Հատկապես իշխանական մեդիաներով դա շատ լավ պտտվում է, մարդիկ էլ այդ խայծը կուլ են տալիս:
Պետք է հաշվի առնել նաև Սովետական Միության հանդեպ նոստալգիան, մարդիկ չեն հասկանում, որ ոչ մի կապ չունի այսօրվա Մաքսային միությունը այն ժամանակվա Սովետական Միության հետ: Հոմոսովետիկուսի սինդրոմը մարդկանց մեջ մնացել է, և իրենց թվում է, որ էլի գալու են գործարանում աշխատեն, գողանան, կողոպտեն այդ գործարանները ու լավ ապրեն»:
Հայկակ Արշամյանի պնդմամբ՝ մարդիկ պատկերացում էլ չունեն, թե իրենք ուր են գնում, և ամբողջ խնդիրը կայանում է հենց դրանում:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի










































