Ռեժիսոր Մարտին Սկորսեզեի «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմը համաշխարհային վարձույթում ոչ միշտ է արժանանում լավ ընդունելության: Մի շարք երկրներում ֆիլմի ցուցադրությունն արգելվել է: Եվս մի քանի երկրներ կրճատել են ֆիլմի տևողությունն ու ֆիլմին վերագրել «21 տարեկանից բարձր» կարգավիճակ:
Ամբողջ հարցն այն է, որ ֆիլմում առկա են բաց տեսարաններ: Այսպես. Հնդկաստանում գրաքննությունը կտրել է 3 դրվագ, որոնք առնչվել են սեքսին ու թմրանյութերի օգտագործմանը: Հեռացվել էին որոշ ակնարկներ, որոնք, ըստ տեղի իշխանությունների, վիրավորում են հավատացյալների զգացումները:
Սինգապուրում ֆիլմը կարող են դիտել միայն 21 տարեկանից բարձր անձինք: Մալայզիայում ֆիլմի ցուցադրությունը պարզապես արգելված է:
Ֆիլմն արգելել են ցուցադրել նաև Նեպալում: ԱՄԷ-ում այն կրճատվել է 45 րոպեով:
«Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմը նյույորքցի ֆինանսիստ Ջորդան Բելֆորտի մասին է, որը 1980-ականներին ունենալով հարստություն և ազդեցություն՝ վարում էր ցոփ ու շվայտ կյանք:









































