Մեքսիկայում հռոմեա-կաթոլիկ եկեղեցին նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյին կոչ է արել ավելի շատ ջանքեր գործադրել, որպեսզի երկրի արևմտյան Միչոական նահանգում կրկին իշխի խաղաղությունը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նախագահին ուղղված բաց նամակում տեղի եպիսկոպոս Միգել Պատինոն պետության ղեկավարին վստահեցրել է, որ նահանգի բնակիչները ցանկանում են օրինականության վերադարձ:
Վերջին մի քանի շաբաթներին աշխարհազորայինների խմբերն իրենց վերահսկողության տակ են վերցրել նահանգի մի քանի քաղաքներ՝ պայքար մղելով «Տամպլիերների օրդենի ասպետներ» թմրակարտելի գրոհայինների դեմ:
Երկուշաբթի նահանգ են ուղարկվել զորքեր, սակայն իրավիճակը լարված է մնում: Աշխարհազորայինների մեծ մասը չեն շտապում հետևել իշխանությունների կոչին և վայր դնել զենքը:








































