«Առաջին լրատվական»-ի հարցին՝ մեր երկրում տեղի ունեցածը հեղափոխությո՞ւն է, թե՞ իշխանափոխություն, ՄԱՀՀԻ հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց․ «Գիտե՞ք՝ նույնիսկ մեր տիպի երկրներում, եթե նման բան է տեղի ունենում, պայմանականորեն այն կոչում են հեղափոխություն։ Ինչո՞ւ հեղափոխություն, որովհետև, ըստ էության, իշխանություն փոխվում է ոչ թե ընտրությունների միջոցով, այլ ժողովրդական մասսաների օգնությամբ։ Հենց դրանով ինքը մի փոքր մոտենում է հեղափոխությանը։ Դասագրքային առումով մենք հեղափոխությունը այլ բան ենք պատկերացնում՝ հասարակական ֆորմացիայի փոփոխություն, արժեքային համակարգի արմատական փոփոխություն։ Այս տեսակետից հասկանալի է բոլոր նրանց քննադատությունները, որոնք ասում են, որ սա պարզապես իշխանափոխություն է, որովհետև, ըստ էության, արժեքային համակարգը չի փոխվել, հասարակական կարգ չի փոխվել, երկրի սահմանադրական կարգի հիմքը կազմող արժեքները նույնն են, հետևաբար, փոխվել է ընդամենը երկրի ղեկավարումն իրականացնող թիմը»։
«Մեր տիպի երկրներում թղթի վրա գրված են այլ արժեքներ, իսկ իրականում քաղաքականության հիմքը կազմում են այլ արժեքներ՝ ինչպես որ դա նախկին իշխանության օրոք էր՝ երբ ժողովրդավարությունը ընդամենը ֆասադ էր քաղաքական համակարգի համար, և քաղաքական կուսակցությունները ձևական ատրիբուտներ էին ու որոշումները կայացվում էին ստվերային համակարգի կամ խմբավորման կողմից»,- հավելեց բանախոսը։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։










































