Միանգամից 12 ակումբներ նախնական պայմանագրեր են առաջարկել Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին, ում գործող համաձայնագրի ժամկետն ակումբի հետ ավարտին է մոտենում ընթացիկ մրցաշրջանից հետո, հաղորդում է Bild-ը:
Նրանց թվում եղել են իտալական 3 ակումբներ` «Ինտեր»-ը, «Յուվենթուս»-ն ու «Ռոմա»-ն: Ֆինանսական տեսանկյունից առավել գրավիչ առաջարկներ են ներկայացրել «Բավարիա»-ն, «Ռեալ»-ը, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Մանչեսթեր Սիթի»-ն:
Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվել են Դոնեցկի «Շախտյոր»-ն ու Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ը: Լևանդովսկիի տրանսֆերը գնելու ցանկություն են հայտնել նաև անգլիական «Արսենալ»-ը, «Տոտենհեմ»-ը և «Չելսի»-ն:
Հիշեցնենք, որ, ի վերջո, ֆուտբոլիստի ընտրությունը կանգ է առել «Բավարիա»-ի վրա, որի հետ նա կնքել է 5 տարվա պայմանագիր:








































