Սահմանադրության բարեփոխումներին ուղղված հանրաքվեին, որ Եգիպտոսում անցկացվում է հունվարի 14-ին և այսօր՝ հունվարի 15-ին, առավոտյան ժամը 9-ից երեկոյան 21:00-ը, բավական թվով հայեր են մասնակցել, ովքեր «այո» են ասել բարեփոխումների ծրագրին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Կահիրեի թեմական ժողովի ատենադպիր Սուրեն Բայրամյանը:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի իսլամիստական «Մուսուլման եղբայրներ» շարժումը, որը 2012-ին կատարել էր երկրի նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեի ձայների սեփական հաշվարկ, հայտարարել էր, որ դեկտեմբերի 15-ին քաղաքացիների մեծ մասը աջակցություն է հայտնել փաստաթղթին:
Ըստ այդմ, 99 ընտրատեղամասերից ստացված տվյալներով՝ Սահմանադրությանն այն ժամանակ կողմ էր քվեարկել ընտրողների 56.5 տոկոսը:
«Եգիպտացի ժողովուրդը միահամուռ կերպով կողմ է նոր Սահմանադրությանը և «այո» է ասում դրան: Միաժամանակ, այս նոր փաստաթուղթը խիստ նպաստավոր է հինգ հազար եգիպտահայության համար, որովհետև Եգիպտոսի նոր Սահմանադրությամբ ապահովվում է Հայ առաքելական եկեղեցիների նորոգումն ու շինարարությունը: Հայ համայնքին նոր արտոնություններ են տրվում: Մենք կարող ենք ազատորեն գործել, համայնքի բոլոր միություններն ապրում են իրենց գործունեության բնականոն ընթացքով, նրանց հանդեպ որևէ արգելք չկա»,- ասաց Սուրեն Բայրամյանը:
Հիշեցնենք, որ 2014 թվականի հունվարի 14-ին և 15-ին նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ Եգիպտոսում տեղի կունենա համաժողովրդական հանրաքվե: Սահմանադրության նոր նախագիծը բաղկացած է 247 հոդվածից:
Նոր Սահմանադրության նախագծով նախագահը կարող է պաշտոնավարել 2 անգամ՝ 4 տարի ժամկետով: Ըստ նոր փաստաթղթի՝ իսլամը մնում է պետական կրոն, սակայն հավատքի ազատությունը մնում է բացարձակ, որն ապահովում է փոքրամասնությունների պաշտպանությունը, պետությունը երաշխավորում է տղամարդկանց և կանանց հավասարությունը, կուսակցությունները չեն կարող ստեղծվել կրոնական, ռասայական, գենդերային, աշխարհագրական հիմքի վրա:









































