Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր տեղի է ունեցել բուհի կառավարման խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար, ԵՊԲՀ-ի կառավարման խորհրդի նախագահ Արմեն Աշոտյանը։
Ռեկտոր Միքայել Նարիմանյանը կառավարման խորհրդին ներկայացրել է բուհի նախորդ տարվա հաշվետվությունը և 2014 թվականի բյուջեի նախահաշիվը։
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ելույթում շեշտել է, որ թեև ԵՊԲՀ-ում բավական արդյունավետ աշխատանք է կատարվել, սակայն նախարարության ակնկալիքները բուհից ավելի մեծ են: “Կան որոշակի տեսանելի խնդիրներ, որոնց լուծումը ես համարում եմ առաջնային:
Դրանցից կարևոր եմ համարում արդյունավետ կրթական գործընթացի կազմակերպումն ամբիոններում: Շատ ամբիոններում գործող կարգերը բավարար արդյունավետ չեն, ինչի անուղղակի արտահայտումը կարելի է համարել նաև այն, որ հերթական քննաշրջանի ժամանակ բժշկականի ուսանողները հայտնվում են ամնենաշատ լուծարք ունեցողների շարքում: Սա հարուցում է ուսանողների դժգոհությունը, որը հանրային արձագանք է ստացել նաև մամուլում: Իմ պահանջը հետևյալն է՝ չիջեցնելով կարգապահության նշաձողը՝ ներքին կարգերը դարձնել ավելի ուսանողակենտրոն: Հաջորդ կարևոր խնդիրը, որն ընդհանուր է բոլոր բուհերի, այդ թվում նաև բժշկական համալսարանի համար, դա գիտական բաղադրիչի ծավալային մեծացումն է:
Բուհերը չեն ուզում սեփական միջոցները ծախսել գիտության զարգացման վրա՝ դա թողնելով առավելապես պետության վրա:
Նախապատրաստվում է օրինագիծ, որով ամրագրվում է, որ բուհական բյուջեների որոշակի տոկոսը պարտադիր պետք է հատկացվի գիտությանը”,- նշել է նախարարը:
Ա.Աշոտյանն իր խոսքում շեշտել է նաև, որ ԵՊԲՀ-ն գտնվում է միջազգային հավատարմագրման փուլում և միջազգային կազմակերպության կողմից անցկացված դիտարկման արդյունքով 10 չափանիշներից 7-ը դրական է գնահատվել:
Լուսանկարը՝ Photolure-ի









































