ԱՄՆ-ը Հնդկաստանին է վերադարձրել նրա տաճարներից գողացված, այնուհետ օվկիանոսից այն կողմ փոխադրված հինդուսական աստվածների երեք հնագույն քանդակներ: Հանձնման արարողությունը տեղի է ունեցել Նյու Յորքում Հնդկաստանի գլխավոր հյուպատոսությունում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Վերադարձված առավել արժեքավոր նմուշներից է ավազաքարից փորագրված 160 կգ-անոց Վիշնու և Լակշմի աստվածների քանդակը, որը հանցագործները փորձել էին վաճառել ամերիկյան շուկայում: Փորձագետների գնահատականներով՝ այն 1000 տարեկան է, իսկ արժեքը՝ առնվազն 1.5 մլն դոլար: Ինտերպոլի կողմից որոնվող արվեստի գործերի ցուցակում քանդակը զբաղեցրել է 6-րդ տեղը:
Մի քանի տարի առաջ գողացված եզակի նմուշների վերադարձն ամերիկյան ԶԼՄ-ները դիտարկում են որպես Նյու Դելիի հետ գործընկերային հարաբերությունների արագ կարգավորման Վաշինգտոնի ձգտում՝ խարդախության մեղադրանքներով Նյու Յորքի հնդիկ փոխհյուպատոսի ձերբակալման և արտաքսման սկանդալից հետո:









































