ԱՄՆ-ն անհանգստացած է Մոսկվայի և Թեհրանի՝ իրանական նավթի գնման բարտերային համաձայնագիր կնքելու ծրագրերի մասին հաղորդագրությունների կապակցությամբ: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին:
Սպիտակ տան մամլո քարտուղարը նշել է, որ Ռուսաստանի կողմից իրանական նավթի գնման մասին հավանական համաձայնագիրը կհակասեր Թեհրանի և «վեցյակ»-ի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին:
«ԱՄՆ իշխանություններն անհանգստացած են այս թեմայի շուրջ հրապարակումների կապակցությամբ և կարծում են, որ Մոսկվայի և Թեհրանի միջև երկկողմ պայմանավորվածությունները չեն համապատասխանի Իրանի և «վեցյակ»-ի միջև ձեռք բերված համաձայնագրին, որն ուղղված է իրանական միջուկային ծրագրի խնդրի կարգավորմանը»,- հաղորդել է Քարնին:
Քարնիի խոսքերով՝ Մոսկվայի և Թեհրանի միջև հավանական պայմանավորվածությունը կարող է գործի դնել ամերիկյան պատժամիջոցները:
Հավանական գործարքի մասին հաղորդագրությունը տարածել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին: Հրապարակման համաձայն՝ Մոսկվան և Թեհրանը բարտերային օպերացիայի շրջանակներում բանակցություններ են վարում օրական մինչև 500 հազար բարել իրանական նավթ ձեռք բերելու նպատակով:








































