Հայաստանի արտաքին գործերի նախարարը մի քանի օր առաջ շրջագայում էր Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրներում, զարգացնում Կուբայի հետ Հայաստանի հարաբերությունները, Հայաստանի արտաքին քաղաքականության մասին դասախոսություններ կարդում Պերուի դիվանագետների առաջ: Ինչպես հեռուստատեսային հումորային հայտնի հաղորդման հերոսներից մեկը կասեր՝ Նալբանդյանը բզբզում էր:
Դե, ինչ է մնացել Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարին Մաքսային միությանը հավատարմության երդում տալուց հետո: Իհարկե, մնացել է բզբզալը՝ ինչքան հնարավոր է հեռու համաշխարհային թոհուբոհից: Մինչդեռ թվում էր, որ Մաքսային միությունից հետո Եվրամիության հետ հարաբերությունների մասով իր հավատարմության մասին աղաղակող Հայաստանի արտգործնախարարը Եվրոպայից պետք է տուն չգար՝ փորձելով այնտեղ իսպառ հանել Հայաստանի հանդեպ անվստահության և թերահավատության այն լուրջ նստվածքը, որ մնացել է սեպտեմբերի 3-ից հետո:
Ընդհանրապես՝ Հայաստանում կարծես թե մոռացել են Եվրամիության մասին, իսկ Եվրամիությունում էլ Հայաստանի մասին են մոռացել: Սա, իհարկե, տրամաբանական իրավիճակ է այն բանից հետո, ինչ Հայաստանն արեց սեպտեմբերի 3-ին: Սակայն առավել էականն այն է, որ այս իրավիճակը Հայաստանում կարծես ոչ մեկին չի հուզում՝ հատկապես հասարակության այն մասին, որը Հայաստանի եվրաինտեգրացիայի ջատագովն է, որը տարիներ շարունակ հանդես է եկել այդ ինտեգրացիայի խորացման դիրքերից, որը, այսպես ասած, ապրել է այդ ինտեգրացիայի հեռանկարներով, ինտեգրացիայի կապակցությամբ իրականացված զանազան ծրագրերով, որի համար եվրաինտեգրացիան բառի բուն և պատկերավոր իմաստով եղել է հաց, ջուր, օդ, կյանք:
Ինչո՞վ է պայմանավորված այս անդորրը: Դա անդորր է փոթորկից առա՞ջ, թե՞ սա էր, այսպես ասած, հայաստանյան եվրաինտեգրացիայի հասարակական ողջ պոտենցիալը, որն ավարտվեց իշխանական ավանտյուրայի հետ միասին՝ այն դեպքում, երբ թվում էր, որ հենց այդ պոտենցիալի ուժգին բռնկումը պետք է լիներ պատասխանն այդ հակապետական ավանտյուրային:
Հետաքրքրական է նաև Եվրոպայի դիրքորոշումը: Բրյուսելում կամ չգիտեն ինչ անել Հայաստանի հետ, կամ այն, ինչ պատրաստվում են անել, պահանջում է գաղտնիության որոշակի շրջան: Այլ բան մտածելն ուղղակի դժվար է: Այլ բան կարող է լինել երևի թե միայն այն, որ Եվրոպայում պարզապես Հայաստանը դուրս է եկել ակտուալ օրակարգից և տեղ չունի նույնիսկ պահեստայինում:
Համենայնդեպս, Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ փոխադարձ հայտարարությունների հրավառությունից նույնիսկ ծուխն էլ այսօր չի մնացել: Եվ այդ ամենը թե Հայաստանում և թե Եվրոպայում կարծես թե ընդունվում է զարմանալի հանդարտությամբ, այսպես ասած՝ վաստակած հանդարտությամբ. կարծես այս ամենը հենց այն էր, ինչ ուզում էին բոլոր կողմերը: Մի՞թե:











































