Քիչ առաջ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ, սկսվեց մարտի 15-ին Նոյեմբերյանի N զորամասում սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատական առաջին նիստը:
Ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանը թեև երկու պաշտպան ունի, սակայն նրանցից որևէ մեկը չէր ներկայացել: Նա դատավորին ասաց, որ ցանկալի կլիներ՝ պաշտպանի հետ ներկայանար: Տուժողի իրավահաջորդ Իշխան Ստեփանյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց, որ այսուհետ տուժողի իրավահաջորդ ճանաչվի կինը՝ Լուիզա Ստեփանյանը, քանի որ ինքը առողջական խնդիրներ ունի: Դատարանը միջնորդությունը բավարարեց: Այս պահին հայտարարվեց 10 րոպե ընդմիջում:
Հիշեցնենք, որ շարքային Դավիթ Խաչատրյանը իրեն ամրակցված ինքնաձիգով կրակել էր շարքային Լյուքս Ստեփանյանի ուղղությամբ: Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել և տեղում մահացել: Հարուցվել է քրգործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Ի դեպ, դատարանում հավաքվել են Լյուքս Ստեփանյանի ընտանիքի անդամները, հարազատներն ու համագյուղացիները: Մայրը՝ Լուիզա Ստեփանյանը, բերել է Լյուքս Ստեփանյանի նկարը:








































