Եգիպտացիները երկրի Սահմանադրության նախագծի հանրաքվեի ժամանակ պետք է զերծ մնան բռնությունից: Հանրաքվեն սկսվել է երեքշաբթի: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, նման կոչով հանդես է եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
Ինչպես հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին, Պան Գի Մունն ուշադիր հետևում է հանրաքվեի գործընթացին:
«Գլխավոր քարտուղարը բոլոր եգիպտացիներին կոչ է անում երաշխավորել, որ անցումային ժամանակաշրջանի հաջորդ փուլը կիրականացվի համատեղ մասնակցությամբ, խաղաղ և թափանցիկ»,- ասվում է Նեսիրկիի հայտարարության մեջ:
Եգիպտոսում հանրաքվեի առաջին օրը մասնակցել է ընտրողների 50%-ը: Հանրապետության իշխանությունների հաղորդագրության համաձայն՝ անվտանգության ուժերի և «Մուսուլման եղբայրներ»-ի կողմնակիցների միջև բախումների հետևանքով զոհվել է 10 մարդ: Վնասազերծվել են մի քանի պայթուցիկ սարքեր:








































