Գլենդելաբնակ 48-ամյա Համլետ Սարգսյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման ամուսնացած կնոջը հետապնդելու գործով: Այս մասին հայտնում է Glendale News-Press-ը:
Հաղորդվում է, որ տիկնոջ ուշադրությունը գրավելու համար նա դիմել է խելահեղ քայլերի՝ իր մեքենայով բախվել է նրա մեքենային, ներս է մտել նրանց տան պատուհանից, նրա ուղղությամբ շիշ է նետել:
Սարգսյանը ձերբակալվել էր հոկտեմբերին ոչ միայն 38-ամյա կնոջը հետապնդելու, այլև Nordstrom Rack առևտրի կենտրոնից գողության առանձին դեպքի համար՝ հայտնում է Գլենդելի ոստիկանությունը:
Հաղորդվում է, որ նա կնոջը հանդիպել էր ապրիլին՝ Գլենդելում մարքեթինգային դասընթացների ժամանակ:
Դրան հաջորդած 6 ամիսներին տղամարդը նրան հանգիստ չի թողել իր նվերներով, այցելել է նրա աշխատավայր, տհաճություններ պատճառել: Սարգսյանը նրան հետևել է ողջ քաղաքով մեկ:
Աստիճանաբար տղամարդու վարքն ագրեսիվ բնույթ է ստացել: Նա նույնիսկ սպառնացել է սպանել նրան, եթե հրաժարվի հանդիպել իր հետ:










































