«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Բրյուսելում գտնվող Եվրոպական քաղաքականության կենտրոնի փորձագետ, հայտնի լրագրող-վերլուծաբան Ամանդա Փոլը:
– Տիկին Փոլ, դեկտեմբերի 12-ին Երևանում Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն մասնակցեց ՍԾՏՀ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանին, որը որակեց որպես հայ-թուրքական երկխոսության վերսկսմանն ուղղված քայլ:
Հայ թուրքագետների պնդմամբ՝ Դավութօղլուի հայաստանյան այցը շոու էր՝ ուղղված Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ՝ միջազգային հանրության աչքին թոզ փչելուն: Կան միջազգայնագետներ, որոնք հաշվի են առնում նաև այն փաստը, որ այցը կայացավ Դավութօղլու-Քերի հանդիպումից հետո: Ձեր կարծիքով՝ ո՞րն էր այցի նպատակը:
– Դավութօղլուի մասնակցությունը ՍԾՏՀ հերթական նստաշրջանին Երևանում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը բանակցային սեղան վերադարձնելու հնարավորություն էր: Գաղտնիք չէ, որ Դավութօղլուն այս հարցը բարձրացրել է ինչպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նոյեմբերի 12-ին նրա՝ Անկարա կատարած այցի ընթացքում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Սանկտ Պետերբուրգում, այնպես էլ նոյեմբերի 18-19-ին իր՝ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում: Նա Երևան էր եկել Թուրքիայի հայկական մտավորականության մի քանի ներկայացուցիչների ուղեկցությամբ: Դա տպավորություն ստեղծեց, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ Թուրքիան ջանում է կարգավորման նոր գործընթաց սկսել՝ նաև Թուրքիայի հայ համայնքին օգտագործելով որպես կամուրջ դեպի և Հայաստան, և հայկական Սփյուռք: Այս ջանքերը վայելում են ներքին համայնքի աջակցությունը, այնինչ շատ հայաստանցիներ այս նախաձեռնությունը դիտարկում են որպես մի մեխանիզմ, որը 2015-ին ընդառաջ՝ կմեղմի այն ճնշումները, որոնք հնարավոր է ուղղվեն Թուրքիայի դեմ:
– Տեսակետներ են շրջանառվում, որ Դավութօղլուի՝ ՀՀ կատարած այցը ճիշտ չօգտագործվեց, որ հայկական կողմը սխալ դիվանագիտական մոտեցում ցուցաբերեց՝ չկազմակերպելով ԱԳ նախարարների միջև բաց հանդիպում և այլն: Դուք ի՞նչ եք կարծում այս մասին:
– Դավութօղլուն Հայաստանում ընդունվեց այնպես, ինչպես բոլոր ԱԳ նախարարները: Երկու երկրների միջև երկխոսությունն ու քննարկումները պետք է ողջունվեն:
– Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեման մի քանի ամիս առաջ մտել էր նաև Թուրքիայի խորհրդարանի քննարկումների օրակարգ: Դուք փոքր-ինչ խոսեցիք այդ մասին, բայց, այնուամենայնիվ, ինչո՞ւ այս հարցը վերադարձավ թուրքական դիվանագիտության օրակարգ հենց այս վերջին ամիսների ընթացքում:
– Թվում է, թե դա կապված է Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հետ: Այնուամենայնիվ, միևնույն ժամանակ Շվեյցարիայի նախագահությունը ԵԱՀԿ-ում ցույց տվեց, որ ԼՂ հակամարտության նկատմամբ մեծ ուշադրություն կլինի: Այս առումով հույս կա, որ Շվեյցարիան կարող է քննարկումներ սկսել զուգահեռաբար Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ:
Չնայած այն փաստին, որ Հայաստանը պնդում է, թե հայ-թուրքական հարաբերությունները կարող են կարգավորվել միայն առանց նախապայմանների, ինչը նշանակում է, որ չպետք է լինեն ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված քայլեր, ի վերջո՝ այս գործընթացներն այնքան սերտաճած են, որ դժվար կլինի առաջ գցել մի գործընթացն առանց մյուսի:
– Տիկին Փոլ, անհնար էր չնկատել ԱՄՆ ակտիվությունն այս հարցի շուրջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՄՄ-ին միանալու որոշման հանրայնացումից հետո: Շատ քաղաքական գործիչներ ու քաղաքագետներ այլևս պնդում են, որ Արևմուտքը որոշել է մեղմել Հայաստանի կախվածությունը ՌԴ-ից՝ ջանալով բացել հայ-թուրքական սահմաններն ու ԵՄ շուկա մուտք ունենալու հնարավորություն տալ Հայաստանին: Միևնույն ժամանակ կան պնդումներ, որ սրան դեմ չէ նաև Ադրբեջանը՝ այս հարցում լուռ համաձայնություն ունենալով Թուրքիայի հետ, գիտակցելով, որ աջակցելով Հայաստանի՝ ՄՄ անդամակցության գործընթացին՝ Ադրբեջանը վերջնականապես կկորցնի Հայաստանի՝ որպես սուվերեն պետության հետ ԼՂ հարցում բանակցելու հնարավորությունը: Ի՞նչ եք մտածում նման զարգացումների մասին:
– ԱՄՆ-ը, գուցե, ավելի ակտիվ է, քան մինչ այժմ, բայց միևնույն ժամանակ տարածաշրջանը հեռու է Վաշինգտոնի առաջնահերթությունների ցանկում լինելուց: Բացի այդ, յուրաքանչյուր «թռիչքի» համար ՌԴ-ն պետք է ղեկին լինի: Նույնիսկ մինչ Հայաստանի որոշումը՝ միանալ ՌԴ-ի կողմից ղեկավարվող ՄՄ-ին, Ռուսաստանն արդեն մի մեծ մասնաբաժին ուներ Հայաստանում՝ և տնտեսական, և անվտանգության տեսանկյունից: Ուստի Մոսկվան Երևանում շատ լծակներ ունի: ՄՄ-ին անդամակցությունը մեծացնում է այս մասնաբաժինն ու հանգեցնում նրան, որ Հայաստանի ինքնիշխանությունը գնալով փոքրանում է: Ուստի կարող ենք ամփոփել, որ Հայաստանը չի ունենալու և չունի իր արտաքին քաղաքականության նկատմամբ վերահսկողություն: Այնուամենայնիվ, Հայաստանի՝ ՄՄ ինտեգրացիան զգալիորեն բարդացնում է ՌԴ հարաբերությունները Հարավային Կովկասի կարևոր խաղացողների հետ: Հետևաբար այս երկուսի հարաբերությունների կարգավորումը կարող է ձեռնտու լինել Ռուսաստանին, որը շատ կարևոր է:
– Այս տարի նախատեսվում է ԱՄՆ պետքարտուղար Քերիի այցը տարածաշրջան, այդ թվում՝ Հայաստան: Այն կարող է էական լինել հայ-թուրքական հարաբերությունների տեսանկյունից:
– ԱՄՆ-ը շարունակում է սատարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին, և ես հավատում եմ, որ այս հարցը լինելու է Քերիի այցի օրակարգում՝ այլ շատ կարևոր հարցերի հետ միասին:
– Տիկին Փոլ, Ձեզ հայտնի է, որ Հայաստանը որոշել է միանալ ՄՄ-ին, որը եվրաչինովնիկների պնդմամբ՝ անհամատեղելի է ԵՄ-ի ԱՀ/ԽՀԱԱԳ համաձայնագրի հետ, այնինչ Հայաստանը ձգտում է շարունակել քաղաքական համագործակցությունը ԵՄ-ի հետ: Մյուս կողմից՝ շատ քննարկվեցին, որ ՌԴ-ն անընդունելի մեխանիզմներ է կիրառում՝ դա թույլ չտալու համար: Վիլնյուսյան գագաթնաժողովին ընդառաջ և հետո տեսակետներ հնչեցին, որ եվրոպական Արևելյան հարևանության ծրագիրը հայտնվել է ճգնաժամի մեջ՝ այս ծրագրի նկատմամբ ՌԴ անակնկալ արձագանքի պատճառով: Ինչպե՞ս պետք է այս պայմաններում գործի, ինչու ոչ՝ ՌԴ-ին դիմակայի ԵՄ-ն՝ իր գործընկերներին պաշտպանելով ճնշումներից:
– ԵՄ-ի ԱլԳ ծրագիրն ու ԵՄ-ի հետ ԱՀ/ԽՀԱԱԳ պայմանագիրն ստորագրելու մի շարք երկրների ցանկությունը մեծաթիվ հակասություններ առաջացրին ինչպես գործընկեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, այնպես էլ ՌԴ-ի և ԵՄ-ի միջև: Մոսկվան ԱլԳ-ին արձագանքեց՝ արագացնելով իր եվրասիական ինտեգրացիոն ծրագիրն ու օգտագործելով իր ունեցած լծակները, օգտագործելով գավազաններ, փոխելով երկրների իշխանությունների մտադրությունը: Հայաստանի պարագայում Ռուսաստանը շատ խաղաքարտեր ուներ, առնվազն՝ անվտանգությունն ու ԼՂ-ն: Երևանի ռազմական կախվածությունը Մոսկվայից այնքան մեծ է, որ Հայաստանի իշխանությունը երբեք չհամարձակվեց նույնիսկ բարձրացնել Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի հարցը: Իսկապես, քանի դեռ ԼՂ հակամարտությունը մնում է չհանգուցալուծված, Հայաստանը լինելու է բարդ իրավիճակում, քանի որ այդ փաստը Երևանին ավելի ու ավելի է մղելու դեպի Մոսկվա:
Պատմականորեն ԵՄ-ն պայքարել է Մոսկվայի նկատմամբ բազմակողմանի մոտեցում ունենալու համար: Ռուսաստանը սա կարողանում է օգտագործել իր օգտին: Այս պարագայում ԵՄ-ն պատրաստ չէր Մոսկվայի կողմից նման ագրեսիվ գործողությունների և հայտնվել է ադեկվատ պատասխանի պայքարում: Սա այն պատճառով, որ ԵՄ ոչ բոլոր անդամներն են ԱլԳ տարածաշրջանը դիտարկում որպես առաջնահերթություն, մեծամասնությունը հակասությունների մեջ է: Փլուզվող քաղաքականությունը բացասաբար է անդրադարձել ԵՄ վստահելիության և իր ուղիղ հարևանությունում՝ որպես արտաքին քաղաքականության դերակատար, որտեղ նա պետք է որ ավելի համարձակորեն քաղաքական ապտակ հասցներ մարտահրավերներին առնչվելու նրա կարողության վրա: ԵՄ-ին խիստ անհրաժեշտ է ԱլԳ հաջող պատմություն ունենալ, ուստի ԵՄ-ն պետք է շարունակի թե քաղաքական, թե տնտեսական աջակցություն ցուցաբերել ԱլԳ գործընկերների եվրաինտեգրման հավակնություններին՝ օգնելով նրանց այս դժվարին ճանապարհին, մատուցելով արագ նյութական օգուտներ, որը նրանց կօգնի իրականացնել բարեփոխումներ և կօգնի հակազդել ռուսական ջանքերին: Սա ներառում է անցագրային ազատ ռեժիմի արագ ապահովում, մուտք շուկաներ և ընդլայնված հանրային դիվանագիտություն՝ ուղղված ԱՀ/ԽՀԱԱԳ համաձայնագրի էության բացատրական աշխատանքներին:
Միևնույն ժամանակ անհրաժեշտ է ավելի կառուցողական և շարժուն երկխոսություն Մոսկվայի հետ, քանի որ վստահությունը գործընկերների միջև քայքայվել է: Ներկայում թվում է, թե մենք խուլ երկխոսություն ունենք, երկու կողմերն էլ անցյալով են խոսում միմյանց հետ: Ամեն ինչ շատ սև ու սպիտակ է: Այնուամենայնիվ, այն, որ այս տարածաշրջանը կդառնա կայուն և ներդաշնակ՝ դեռ պետք է երևա:











































