Սիրիահայության ներկա խնդիրներից կարևորագույնը օժանդակության հարցն է, ինչպես նաև այդ օգնությունը հանրությանը ներկայացնելու ձևը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ազատ-Հայ» և «Միջին Արևելք» կայքերի խմբագիր, հալեպահայ ֆեյսբուքյան խմբի ադմին Հրաչ Քալսահակյանը նշեց, որ սիրիահայերը հատկապես կարիք ունեն նյութական օժանդակության:
«Ավելի քան տասը տարի գործում է «Ազատ-Հայ» կայքը, որը մշտապես ապահովում է Հայաստանի և Սիրիայի միջև կապը, ընդ որում՝ այդ կապը զուտ քաղաքավարական չէ, այլ առավել գործնական: Ցանկություն կա, որ Հայաստանում գործող բոլոր լրագրողները և գործունյա անձինք ծանոթանան Սփյուռքի նոր դեմքին, հասկանան, որ Սփյուռքը նույնը չէ, յուրաքանչյուր երկիր իր հատկություններն ունի: Այս համագործակցությունը շատ դռներ կարող է բացել ձեր առջև դեպի աշխարհ և դրսի հայության համար՝ Հայաստանում»,- ասաց նա:
Քալսահակյանը խոսեց նաև վերջերս Հայաստանում հիմնադրված «Խոսքի և մամուլի ազատության քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն»-ի մասին՝ նշելով, որ իրենք փորձում են առաջ տանել երկու կարևորագույն միտք՝ բերել սփյուռքահայ սկսնակ արվեստագետների գործեր, որպեսզի և անձը ճանաչվի, և գործը, նաև վաճառել ստեղծագործությունը՝ հեղինակին ապահովելով ապրուստի միջոցով, մյուս կողմից՝ նպատակ կա հետաքրքրություն առաջացնող գործերը տպագրել՝ թե հայ, թե օտար ընթերցողի համար:
Քալսահակյանն անդրադարձավ նաև վերջերս քննարկման առարկա դարձած հայերի բռնի իսլամացման մի տեսանյութի, որում «մի անձ ասում էր, թե ինքը իսլամն ընդունել է իբրև համոզում: Տեսանյութը ցույց չի տալիս, թե բռնի ինչ-որ բան կա՞, անգամ հայտնի չէ՝ անձը հա՞յ է, թե՞ ոչ: Մեկն է, ով խոսում է արաբերենով և ասում, որ իսլամն ընդունել է իբրև կրոն, որ այս ձևով իրեն ընդունեցին, նվերներ տվեցին:
Նման բաներ այս դեպքերից առաջ էլ էին լինում. հատուկենտ մարդիկ կային, ովքեր ամենատարբեր պատճառներով ընդունում էին իսլամ: Իրականում հայ գաղութը Հալեպում պատանդային կարգավիճակում է, և այդ վիճակում պահողներն ունեն իրենց շահերն ու ծրագրերը: Եթե մենք ուզում ենք օգուտ տալ հայ գաղութին, այդ իրողությունը ճիշտ սահմաններում պիտի տեսնել, որ որևէ մեկին չծառայենք դրանով»,- ասաց նա՝ ընդգծելով, որ սխալ լուսաբանումը կարող է վտանգել սիրիահայերին:
Այդուհանդերձ, ըստ Քալսահակյանի՝ սիրիահայությունը չի ապրում վախի մթնոլորտում, քանի որ որոշակի ծրագիր չկա հակամարտող կողմերի միջև՝ իսլամը որպես կրոն նման նպատակ չունի: Բանախոսը նշում է, որ ինքն ակտիվորեն հետևում է բոլոր իրադարձություններին, սակայն սպանությունների հիմքում կրոնական պատկանելությունը տեսնելը անժխտելի ճշմարտություն չի համարում, ավելին՝ կարծում է, որ հաճախ իրականությունից հեռանում են ու գույները խտացնում:
Մանրամասները` տեսանյութում:








































