Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը այսօր հրավիրված մամլո ասուլիսում նշեց, թե գիտի, որ սպասում են ՀԱԿ-ի՝ Սերժ Սարգսյանին ուղղված պատասխանին:
Լ.Զուրաբյանը տեղեկացրեց, որ քննարկումներ են ընթանում ՀԱԿ-ի ներսում, չորեքշաբթի օրը տեղի է ունեցել քաղխորհրդի նիստ, այնուհետև՝ շտաբի նիստ:
Լ.Զուրաբյանը հայտնեց, որ Կոնգրեսի պատասխանը կհնչի Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում՝ հունիսի 30-ի հանրահավաքում:
ՀԱԿ համակարգողը այնուհետև վեց կոչ ուղղեց իշխանություններին.
«Առաջինը՝ դադարեցնել Կոնգրեսի նկատմամբ ինֆորմացիոն բլոկադան, քանի որ ՀԱԿ-ի տեսանյութերը հեռուստաընկերությունները չեն ընդունում, և ՀԱԿ-ը հնարավորություն չունի մշտապես ներկայանալ հեռուստաընկերությունների եթերում:
Երկրորդը՝ դադարեցնել տրանսպորտային բլոկադան:
Երրորդը՝ դադարեցնել երկխոսության վերաբերյալ ազգային անվտանգության և ոստիկանության կողմից սուտ տեղեկություններ տարածելը: ՀԱԿ համակարգողը օրինակներ բերեց՝ ինչպես են նրանք տարածում, թե իբր այս ամենը խաղ է, թե իբր Լ.Տեր-Պետրոսյանը համաձայնել է ԱԺ նախագահ դառնալ կամ Կոնգրեսին պատրաստվում են ԱԺ-ում քսան տեղ տալ: ՀԱԿ համակարգողը կոչ արեց դադարեցնել այս կեղտոտ քարոզչությունը:
Չորրորդը՝ կիսաքայլերից անցնել երկխոսության լիարժեք ֆորմատի ձևավորման: Լ.Զուրաբյանը նշեց, թե ինքնանպատակ երկխոսություն հանուն երկխոսության չի լինելու, այն պետք է լինի արդյունավետ, իսկ դա կարող է լինել լիազորված ներկայացուցիչներից ձևավորված պատվիրակությամբ:
Հինգերորդ՝ երկխոսության գործընթացը, եթե չի բերելու ցանկալի արդյունքների, չի կարող երկար տևել:
Վեցերորդը՝ ի՞նչն ենք համարելու արդյունք: Միակ արդյունքը՝ համակարգային փոփոխություններն են, որոնց միջոցով կձևավորեն լեգիտիմ իշխանություններ»,- հայտարարեց Լևոն Զուրաբյանը:









































