Ռուսաստանի կառավարությունը դոլարից հրաժարվելու նախագիծ է մշակում: Այս մասին հաղորդում է The Bell-ը: Նշվում է, որ նախագիծը պատրաստվում է VTB-ի ղեկավար Անդրեյ Կոստինի առաջարկությունների հիման վրա: Պարբերականի զրուցակիցներից մեկի խոսքով՝ փաստաթուղթը «մեկ-երկու շաբաթից պետք է հաստատի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը»:
Հարցի քննարկմանը մասնակցող գերատեսչություններից մեկի աղբյուրի խոսքով՝ կառավարության ծրագիրը որևէ սահմանափակող միջոց կամ արգելք չի նախատեսում. «դոլարով հաշվարկներ անելու արգելք չի լինի»: Նա հստակեցրել է, որ ազգային արժույթներով հաշվարկների համար հնարավորություններ կստեղծվեն, ինչպես նաև կդյուրացվի արժույթային վերահսկողությունը:
Պարբերականի զրուցակիցներից մեկը նշել է, որ ծրագրի քննարկմանը մասնակցում են Կենտրոնական բանկը, VTB-ն և այլ խոշոր բանկեր, ինչպես նաև արտահանողները: Նրա խոսքով՝ կառավարության նպատակը հարմարավետ համակարգեր ստեղծելն է, որոնք բիզնեսին թույլ կտան առանց ավելորդ կորուստների ցանկացած արժույթով հաշվարկ կատարել:










































