Նախարարների ու մարզպետներին աշխատանքից ազատելու մասին որոշումը դե յուրե ուժի մեջ մտնելուց հետո ես հրաժարական կտամ վարչապետի պաշտոնից: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Բաղրամյան պողոտայում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Որպեսզի որևէ մեկը չմտածի, թե ես կառչած եմ ՀՀ վարչապետի պաշտոնից կամ մեր թիմի որևէ անդամ կառչած է պաշտոնից: Դրանից հետո՝ 7 օրվա ընթացքում, 7+1, 8-րդ օրն ԱԺ-ն պետք է ընտրի նոր վարչապետ: Եթե այդ ընթացքում չընտրի նոր վարչապետ, ապա պետք է ևս 7 օր ժամանակ անցնի և 7 օր գումարած մեկ օր, 8 օր, ընտրի նոր վարչապետ: Եթե ընտրեց նոր վարչապետ, ուրեմն ընտրվել է նոր վարչապետ, եթե չընտրեց նոր վարչապետ, տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- ասել է վարչապետը:
Նա հայտարարել է, որ հրաժարականից հետ ողջ ընթացքում ինքը շարունակելու է կատարել ՀՀ վարչապետի պարտականությունները, ինչպես նախատեսված է Սահմանադրությամբ:









































