ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ողջունել է Իրանի և «վեցյակի» միջև ձեռք բերված համաձայնագրի իրագործման սկիզբը և հայտարարել, որ դեմ է Թեհրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանմանը: Նա նշել է, որ վետո կդնի պատժամիջոցների վերաբերյալ Կոնգրեսի հավանական առաջարկների վրա՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Օբամայի խոսքերով՝ այժմ հավելյալ պատժամիջոցների սահմանումը կավելացնի հարցի լուծումը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերի խափանման ռիսկը:
Հիշեցնենք, որ Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ղեկավարի տեղակալ Հելգա Շմիդը համաձայնագիր են ձեռք բերել պայմանավորվածությունների կատարման հիմնական հարցերի շուրջ: Ենթադրվում է, որ համաձայնագիրը կսկսեն իրագործել հունվարի 20-ից:
«Ես ողջունում եմ այս կարևոր քայլը: Մենք այժմ կենտրոնացած ենք համընդհանուր որոշում ձեռք բերելու վրա, որը կվերացնի մեր անհանգստությունը Իրանի միջուկային ծրագրի հարցում»,- հայտարարել է Օբաման:
ԱՄՆ նախագահը հիշեցրել է, որ նոյեմբերին Իրանի և «վեցյակ»-ի միջև ձեռք բերված համաձայնագրի համաձայն՝ Թեհրանը կսկսի ազատվել ուրանի հարստացումից և դրա ենթակառուցվածքից:
«Այս և մյուս քայլերը կօգնեն մեզ առաջ շարժվել մեր նպատակի իրագործման ճանապարհին, որպեսզի Իրանը միջուկային զենք չստանա»,- ասել է Օբաման և հավելել, որ պատժամիջոցների ընդհանուր ռեժիմը կպահպանվի:










































