Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը (YSK) հրապարակել է հունիսի 12-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները։
Պաշտոնաթերթում տեղ գտած տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ, ընտրություններին մասնակցել է 43,914,948 մարդ, անվավեր է ճանաչվել 973,185 քվե։ Ընտրություններին մասնակցելու ցուցանիշը կազմել է 83.16 տոկոս (ներառյալ մաքսային կետերը, առանց որոնց՝ այդ ցուցանիշը հասնում է 87.16 տոկոսի)։
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) հավաքել է 21,320,207 քվե (49.80 տոկոս), գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (ԺՀԿ)՝ 11,122,420 քվե (25.98 տոկոս), իսկ «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ)՝ 5,575,010 քվե (13.02 տոկոս)։
Մաքսային կետերում ընտրողների քանակը կազմել է 2,568,979 մարդ, անվավեր է ճանաչվել 1,416-ը։
Ընտրությունների արդյունքներով, ԱԶԿ-ն 550 հոգանոց մեջլիսում ստացել է 327 մանդատ, ԺՀԿ-ն՝ 135, ԱՇԿ-ն՝ 53, անկախ թեկնածուները (քրդեր)՝ 35։
Հիշեցնենք, որ մանդատների հետ կապված այս թվերը վերջնական չեն, քանի որ YSK-ն այժմ վետո է դրել նախկինում դատապարտված քուրդ քաղաքական գործիչ Հաթիփ Դիջլեի, ինչպես նաև «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության գործով անցնող առաջադրված նորընտիր պատգամավորներ, Cumhuriyet թերթի խմբագրական խորհրդի անդամ Մուսթաֆա Բալբայի և բժշկագիտության պրոֆեսոր Մեհմեդ Հաբերալի պատգամավորության վրա։ Նրանք առաջադրվել էին ընդդիմադիր ԺՀԿ-ի կողմից։
Բացի այդ, նորընտիր պատգամավորներից ևս մի քանիսի ճանապարհը բանտից դեպի խորհրդարան անցում է դատարանով։








































