«Ռուսաստանը սպառազինություն մատակարարելով և Հայաստանին և Ադրբեջանին՝ կարողանում է կառավարել ղարաբաղյան կոնֆլիկտը․ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ռազմատեխնիկա մատակարարելը՝ Հայաստանի համար բացասական երևույթ է, որովհետև տեղի է ունենում նույն բանը, ինչ տեղի ունեցավ ԽՍՀՄ-ի քանդվելուց հետո, երբ ադրբեջանական բանակը շատ ավելի սպառազինություն ստացավ, քան մենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը՝ անդրադառնալով Ռուսաստան-Ադրբեջան ռազմատեխնիկական համագործակցությանը՝ միևնույն ժամանակ հավելելով նաև, որ Հայաստանի համար առաջին հերթին վտանգավոր են հրթիռահրետանային միջոցները, որոնք ադրբեջանական կողմը ձեռք է բերում Ռուսաստանից, բացի դրանից ՝ վտանգավոր են նաև հեռահար հարվածների միջոցները, որոնք իրենց հերթին Ադրբեջանը ձեռք է բերել Իսրայելից ու Չեխիայից։
«Եթե հեռահարության տեսանկյունից դիտարկենք, ապա ամենուժեղն իսրայելական «LORA»-ներն են, բայց «LORA»-ն ի տարբերություն համազարկային կրակի՝ օպերատիվ-մարտավարական հեռավորություն վրա խոցող հրթիռ է, որին ի հակադրություն մենք ունենք «Իսկանդեր»-ը։
Այսուհանդերձ, մենք պետք է հասկանանք, որ այստեղ խնդիրն այն չէ, թե որ կողմն է ավելի շատ զենք ու ռազմամթերք կարողանում կուտակել՝ Ադրբեջանը, թե Հայաստանը, այլ պիտի հասկանանք, որ, եթե նման մեծ մասշտաբների կուտակում է տեղի ունենում, ապա այդ զենքը մի օր հաստատ կրակելու է․ մեր ամենամոտ դաշնակից Ռուսաստանը ևս սա շատ լավ հասկանում է, որ սպառազինություն տրամադրելով Ադրբեջանին՝ այդ զենքը կրակելու է իր դաշնակիցը համարվող Հայաստանի վրա»,-շեշտեց ռազմական փորձագետը։
Վերջինիս դիտարկմամբ՝ բոլոր պատերազմների փորձի վերլուծությունը մշտապես ցույց է տվել , որ իրականում այդքան էլ էական չէ այս կամ այն կողմի սպառազինությունը, կուտակած ռազմատեխնիկան և այլն, այլ առաջնահերթ կարևոր է զինված ուժերում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը։
«Այսինքն, պետք է հասկանանք, որ զինվորն է հակազդեցության գլխավոր միջոցը և կենտրոնանալ շատ թանկ տեխնիկա ձեռք բերելու վրա՝ սխալ է»,- շեշտեց Հրաչյա Պետրոսյանցը, ապա նաև ավելացրեց․ «Մեր ղեկավարությունը հայտարարում է, որ ուզում է ձեռք բերել ավիացիոն ժամանակակից միջոցներ, բայց իմ կարծիքով՝ մեր փոքր տարածաշրջանի համար նման մեծ գումարներ ծախսել հարվածային ավիացիա ձեռք բերելու համար՝ երևի ոչ արդյունավետ է, որովհետև նախ այն շատ թանկ է և երկրորդ՝ ընդամենը 400 կմ շառավղով գործելու համար՝ դա այդքան էլ արդյունավետ տարբերակ չէ, դրա փոխարեն մեր այս լեռնային պայմանների համար չափազանց արդյունավետ կլինեն հարվածային ուղղաթիռները։
Ի դեպ, Ադրբեջանը Ռուսաստանից արդեն իսկ ձեռք է բերել ժամանակակից հարվածային ուղղաթիռներ, որոնք նախատեսված են հենց լեռնային տեղանքում մարտ վարելու համար և ռուսական կողմը դրանց նույնիսկ անվանում է թռչող տանկեր»։
Մանրամասները՝ տեսանյութում։












































