Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ալժիրի իր գործընկերոջ՝ Աբդելքադեր Մեսսահելի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ: ԱԳ նախարարներն ընդգծել են տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդման նպատակով գործնական քայլեր ձեռնարկելու հանձնառությունը՝ այս համատեքստում կարևորելով երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումը:
ԱԳ նախարարները նաև անդրադարձել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության զարգացման հեռանկարներին:
Հայաստանի և Ալժիրի ԱԳ նախարարները քննարկել են Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին և նախատեսվող հարակից միջոցառումներին առնչվող հարցեր: