Շառլ Ազնավուրի հայտնի հարցազրույցը, որտեղ նա համարձակ և բավական կոշտ ու անկեղծ գնահատականներ ու մեկնաբանություններ է անում Հայաստանի ներքին վիճակի և արտաքին խնդիրների մասին, նորից թարմացվել է Հայաստանի համացանցային հանրույթի ուշադրության շրջանակում:
Այստեղ խնդիրը միայն քննադատական խոսքը չէ, որ Հայաստանում հասկանալի պատճառով միշտ էլ պահանջարկ է վայելում՝ երկիրը աղետալի վիճակում է, իսկ դրա համար պատասխանատու իշխանությունը ոչ միայն ուժով պահում է իր դիրքերը, այլ ցուցաբերում է բացարձակ անհամարժեքություն ներքին ու արտաքին բոլոր խնդիրների հանդեպ: Նաև միայն Ազնավուրի հանրահռչակ դեմք լինելը չէ նրա խոսքին վերստին վերադառնալու պատճառը: Հարցն այստեղ առավել խորքային է և առնչվում է Հայաստան-սփյուռք հարաբերություններին: Ազնավուրի խոսքին Հայաստանի ակտիվ հասարակությունը վերստին վերադառնում է, և անկասկած պարբերաբար թարմացնելու է այն իր ուշադրության կենտրոնում, քանի որ Ազնավուրն իր այդ դիրքորոշմամբ հանդիսանում է մի բավական ընդարձակ երևույթի վրա ուղղված լուսարձակ:
Ազնավուրը տվյալ դեպքում սփյուռքի դեմքն է, այն սփյուռքի, որն անկախության առաջին տարիներին Հայաստանի հասարակության համար ընկալվում էր որպես մի հսկա պոտենցիալով գործընկեր, որը պետք է օգներ հայաստանցիներին ստեղծել մրցունակ, ամուր, անկախ պետություն: Ինչ-որ ժամանակից այդ հույսերն ի դերև ելան: Այստեղ սխալները երկուստեք էին: Հայաստանցիները սկսեցին սփյուռքը ընկալել որպես մի սուբյեկտ, որը պարտավոր է ի շարս ամեն ինչի նախևառաջ հոգալ Հայաստանի ֆինանսական ու նյութական կարիքները: Սփյուռքը մի պահ ակտիվ էր այդ հարցում, իր վրա վերցրել էր նման բարոյական պարտավորություն, սակայն դրա դիմաց սկսեց ակնկալել առանձնահատուկ վերաբերմունք իր հանդեպ: Սկսվեց Հայաստանի հասարակության և սփյուռքի օտարումը, ֆինանսական օգնությունը վերածվեց ընդամենը մեխանիկական պրոցեսի, որը ևս դադարեց, երբ Հայաստանում հաստատվեց կոշտ կլանաօլիգարխիկ, քրեականացված համակարգ, և այն պարտադրեց իր խաղի կանոնները սփյուռքահայ բարերարներին ու ներդրողներին: Նրանց ճնշող մեծամասնությունը հեռացավ Հայաստանից, դարձավ Հայաստանի խնդիրների հանդեպ անտարբեր: Հայաստանի հասարակությունն, իհարկե, իր մեղքի բաժինն ուներ, որ թույլ տվեց երկրում հաստատել այդ կոշտ համակարգն ու հարմարվեց խաղի կանոններին, սակայն չդիմադրեց նաև սփյուռքահայությունը, որովհետև հեռանալն ու նեղանալը դիմադրություն չէ:
Սա, անշուշտ, տեղի ունեցածի ընդհանրական, մակերեսային նկարագրությունն էր: Իհարկե, կան շատ այլ խորը նրբերանգներ, այլ անցուդարձ, շերտեր, որ կբացվեն խնդրի հանգամանալից քննարկման ընթացքում, սակայն արձանագրենք, որ Ազնավուրի վերջին շրջանի համարձակ և անկեղծ գնահատականներն ու խոսքը, ըստ էության, Հայաստանի հասարակության շրջանում վերստին արթնացնում են սփյուռքի հանդեպ անկախության առաջին տարիների ակնկալիքները: Այսինքն` հայաստանցիները սպասում էին հենց այդպիսի համարձակ սփյուռք, այդպիսի ազնիվ ու անկեղծ սփյուռք: Եվ այսօր Ազնավուրը այդ սփյուռքի մարմնավորումն է, ցավոք, եզակի մի օրինակ, որովհետև ընդհանուր առմամբ Հայաստանի խնդիրների հանդեպ կա սփյուռքահայության իներտություն: Ակտիվ են ընդամենը Հայաստանից տարբեր տարիներին մեկնած սակավաթիվ անհատներ, իսկ հիմնական սփյուռքը, արևմտյան երկրների սփյուռքը, որն ունի տնտեսական, քաղաքական, մշակութային պոտենցիալ, ըստ էության Հայաստանը դիտարկում է բավական հեռու և օտար մի մարմին, որտեղ իրենց չեն մեծարել, և հետևաբար իրենք այնտեղ անելիք չունեն՝ իրենցը պատմական Հայաստանն է:
Այս իմաստով, Ազնավուրի խոսքի հանդեպ Հայաստանի հասարակության պարբերական ուշադրությունը վկայում է, որ Հայաստանի հասարակական շրջանակներում տեղի է ունեցել որոշակի բեկում, և ձևավորվել է Հայաստան-սփյուռք հարաբերություններում սխալներն ու բացթողումները գործնականում վերանայելու և դասեր քաղելու, այդ հարաբերությունները վերաիմաստավորելու գիտակցում և պատրաստակամություն: Սա Հայաստանում ակտիվ հասարակության մեջ քաղաքացիական վերափոխումների դրսևորումներից մեկն է, միջանկյալ կամ նախնական արդյունքներից մեկը: Սփյուռքը, սակայն, անհաղորդ է նաև այս փոփոխություններին` որպես օրգանիզմ, որովհետև անհատների մակարդակով, այնուամենայնիվ, կան զգալի բացառություններ: Ազնավուրի խոսքերը նաև այս օրգանիզմին, սփյուռք օրգանիզմին ուղղված խոսքեր են ըստ էության, անտարբեր չմնալու, Հայաստանի ներկայիս պետությունն օտար չդիտելու, պատմական և ժամանակակից Հայաստանները չտարանջատելու:
Եվ այդ տեսանկյունից շատ հետաքրքրական է, թե Ազնավուրի համարձակությունն ինչ վերաբերմունքի է արժանանում սփյուռքահայ շրջանակներում, որոնք, իհարկե, բազմազան են: Այդ վերաբերմունքի պատկեր կարծես թե չկա, Ազնավուրի մտքերը սփյուռքում կարծես թե չեն առաջացնում մտավոր գեներացիա և Հայաստանի հասարակության հետ հարաբերության «վերբեռնման»՝ ռեսթարթի ցանկություն, գիտակցում: Նեղացածությունն ու պարզապես անտարբերությունը շարունակվում են, իր տասնյակ պատճառներով: Այդ իրավիճակը, այսպես ասած, կոնսերվացնում է Սփյուռքի նախարարությունը, որը ստեղծվել է կարծես առկա իրողությունները իներտ մթնոլորտում պահելու, Հայաստան-սփյուռք հարաբերությունները ձևից բովանդակության տանելու որևէ փորձ կանխարգելելու համար, որպես իշխանական համակարգի ինքնապաշտպանության միջոց, որովհետև Հայաստանի իշխանական համակարգն այլևս իր խաղադրույքը կատարում է ռուսաստանյան սփյուռքի վրա, որը լիովին տեղավորվում է այն պատկերացումների և արժեքների մեջ, որ ներկայիս համակարգի հիմքում են, որը չունի արդիականացման պահանջներ Հայաստանից և Հայաստանի իշխանություններից, որը գումարներ է ուղարկում Հայաստան, որի ներկայացուցիչ մեծահարուստներն էլ Հայաստան մեծ գումարներ են ուղարկում և գործարքներ կնքում իշխանությունների հետ՝ տնտեսական և քաղաքական:
Արդյունքում, համահայկականության մասին խոսակցությունները որքան պաթետիկ և ամպագոռգոռ են դառնում, այդքան ավելի իրականության մեջ տեղի է ունենում ջլատում, սփյուռքի մի հսկա հատվածի՝ քաղաքական դրդապատճառներով դուրսմղում, ինչին այդ հատվածը չի դիմադրում, համակերպվում է, ներքաշվելով և պարփակվելով պատմության մեջ, չմտածելով, որ նաև դրա պատճառով է Հայաստանը այսօր կանգնած ողբերգական պատմության կրկնության վտանգների առաջ:











































