Զուտ ֆորմալ տեսակետից որևէ համայնքային ընտրություն, թեկուզ մայրաքաղքում, չի ենթադրում ամբողջ հանրապետության խնդիրներով զբաղվող կառավարությանը մաս կազմել-չկազմելու կամ պորտֆելներից հրաժարվելու տրամաբանությանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը:
Նրա խոսքով, սա Երևանի կառավարություն չէ, որի ընտրություններից հետո հաջողություն ունենալով կամ չունենալով պայմանավորվեր կուսակցության դիրքորոշումը. «Կուսակցությունն իր դիրքորոշումը ճշտում է իր որոշումների ու ծրագրերի տրամաբանության ներքո: Եթե կուսակցությունը հանգի նրան, որ Երևանի ավագանու ընտրություններում հավաքված քվեները անմիջականորեն պետք է վերաբերեն նաև կառավարությանը մասնակցության խնդրի, ապա այդ խնդրում որևէ սահմանափակում որևէ քաղաքական ուժ, այդ թվում հաղթած կամ պարտված ուժը, չունի»,-ասաց նա:
Հարցին, թե ինչի՞ մասին է խոսում փաստը, որ ՀՅԴ-ն 2 տոկոսից պակաս քվե ստացավ, նաև մյուս ուժերը շատ քիչ ձայներ ստացան,Սպարտակ Սեյրանյանը պատասխանեց. «Սա Երևանի ավագանու արդեն 4-րդ ընտրությունն է, որին ՀՅԴ-ն մասնակցում է: Նախորդ երկու ընտրություններում էլ մենք չէինք հաղթահարել, երրորիդն էլ ՀՅԴ-ն չէր մասնակցել: Բայց նախորդ անգամներին էլ դա պատճառ ու հիմք չի ունեցել խորհրդարանական ընտրություններին կուսակցության գործունեությունը գնահատելու իմաստով»: Նա ընդգծեց, որ մի քաղաքական ուժ ուժեղ է մայրաքաղաքում, մեկ ուրիշ ուժ՝ որևէ կոնկրետ մարզում, մեկ այլ ուժ՝ ողջ հանրապետությունում:











































