Թուրքիայում պատգամավորների միջև վեճը վերածվել է ծեծկռտուքի՝ գրում է Sabah թերթը:
Վեճը բռնկվել է «Դատավորների ու դատախազների բարձրագույն խորհրդի մասին» օրենքում ուղղումներին վերաբերող առաջարկների քննարկման ժամանակ:
Խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ահմեդ Իյիմայան հայտնել է, որ առաջարկների մշակումը դրվել է Սահմանադրական հարցերով կոմիտեի և բյուջեի հարցերով հանձնաժողովի վրա, ինչն առաջացրել է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավորների զայրույթը: Նրանց և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորների միջև վեճ է սկսվել, որը թեժացել ու հասել է բռունցքներով հարվածների:
Ահմեդ Իյիմայան ստիպված է եղել դադարեցնել նիստը:
Ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարել էր, որ Թուրքիայում իրավական մեխանիզմները ենթակա չեն որևէ վերահսկման, և իրենց պարտականությունները չարաշահող Դատավորների ու դատախազների գերագույն խորհրդի անդամները մնում են անպատիժ: Արընչի խոսքով՝ իրենք հենց այդ թերությունն էլ փորձում են վերացնել: Նրա խոսքով՝ փոփոխությունների ներմուծման մասին որոշումը պետք է ընդունի Թուրքիայի Ազգային մեծ ժողովը:







































