Ոչ իշխանական չորս՝ «Բարգավաճ Հայաստան», ՀԱԿ, «Դաշնակցություն» և «Ժառանգություն» խմբակցությունները քննարկում են տարեվերջին Ազգային ժողովի կոալիցիոն պատգամավորների կողմից ընդունված և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից վավերացված «ՀայՌուսգազարդում» ՀՀ կառավարության վերջին 20 տոկոսը Ռուսաստանին հանձնելու հետ կապված համաձայնագրերի որոշումը Սահմանադրական դատարանում վիճարկելու հարցը:
Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերի 23-ին այդ համաձայնագրերի քվեարկությունն անցավ արտակարգ պայմաններում, քանի որ վերը նշված չորս խմբակցությունները բոյկոտում էին քվեարկությունը, իսկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն էլ հավաքել էր իշխանական մի խումբ պատգամավորների գրանցման քարտերը, որպեսզի նրանք չկարողանան քվեարկել: Արդյունքում Հ. Աբրահամյանը կազմակերպեց բաց քվեարկություն, իսկ ձայները պետք է հաշվեր ԱԺ հաշվիչ հանձնաժողովը: Քվեարկության արդյունքները ներկայացրեց միայն հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը, ինչն էլ ոչ կոալիցիոն խմբակցություններին հիմք տվեց հայտարարելու, որ այդ որոշումն անօրինական է, քանի որ հանձնաժողովի 7 անդամներից չորսը չեն մասնակցել այդ գործընթացին:
Եվ ահա այժմ ոչ իշխանական խմբակցությունները քննարկում են այդ որոշումը ՍԴ-ում վիճարկելու հարցը: ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք պատրաստվում են առաջիկայում գրավոր հարցում ուղարկել կառավարություն այդ համաձայնագրերի նախապատրաստման, բանակցությունների վարման ամբողջ ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար: ՍԴ դիմելու նպատակով ամբողջական փաթեթը պատրաստելու համար նրանք մտադիր են նաև ուսումնասիրել Միջազգային պայմանագրերի մասին օրենքի դրույթներին այդ համաձայնագրերի համապատասխանության հարցը:
Որոշ տեղեկություններով, սակայն, այս չորս խմբակցությունները նաև քննարկում են այդ հարցով առայժմ ՍԴ չդիմելու տարբերակը: Բանն այն է, որ տարեվերջին այս 4 խմբակցությունների անդամները առանձին նիստ էին հրավիրել և որոշել էին փոխել ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահին: Նրանք նաև որոշել էին հանձնաժողովի նոր նախագահ նշանակել ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին և հայտարարել էին, որ գազային համաձայնագրերի հետ կապված այդ քվեարկությունն ու որոշումն անօրինական են: Սակայն այս խմբակցություններում նաև համոզված են, որ Սահմանադրական դատարանը նորից չի ընդառաջի իրենց ու ՀՀ Սահմանադրությանը համապատասխան կհամարի ԱԺ այդ որոշումը, և այդպիսով Ռուսաստանի հետ գազային համաձայնագրերի հետ կապված ԱԺ որոշումը կհամարվի օրինական: Ուստի ոչ իշխանական խմբակցությունները նաև քննարկում են առայժմ ՍԴ չդիմելու հարցը: Կարծիք կա, որ այդպիսով միգուցե հաջորդ իշխանություններին հնարավորություն կընձեռեն ՍԴ-ում վիճարկել այդ հարցը: Միգուցե հաջորդ իշխանություններն այդ առումով շատ կաշկանդված չեն լինի և կհամարձակվեն նման հարց բարձրացնել: Ա. Մինասյանը մեզ հետ հեռախոսազրույցում հաստատեց, որ քննարկում են նաև այս տարբերակը: «Միանշանակ, այո՛, այդպիսի տեսակետ էլ կա, և առաջիկա մեր քննարկումներում այդ առումով ավելի կհստականան մեր մտադրությունները, որից հետո արդեն պարզ կդառնա՝ հիմա՞ ենք դիմելու ՍԴ, թե՞ ավելի ուշ ժամկետում՝ կախված և իրադրության փոփոխությունից, և քաղաքական վերադասավորումների հետևանքից: Բոլոր դեպքերում մենք ՍԴ դիմելու փաթեթն ամբողջությամբ պետք է պատրաստենք, որ կարողանանք ճիշտ և արդյունավետ որոշում կայացնել»,- պատասխանեց Ա. Մինասյանը:
Գազային համաձայնագրերի հետ կապված տարեվերջին որոշակի մտահոգություններ հայտնեց նաև ՀՀԿ անդամ, ԱԺ Պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Նա նույնիսկ հայտարարել էր, թե պետք է «փորձել վերաբանակցել և փոփոխություններ կատարել այդ պայմանագրերում»: Արդյո՞ք ոչ իշխանական խմբակցությունները հույս ունեն, որ իրենց այս պայքարի դեպքում կարող են համախոհներ գտնել իշխանական ճամբարից: «Բնականաբար, զուտ մասնավոր զրույցներում համախոհները շատ են, սակայն երբ գալիս է կոնկրետ որոշում կայացնելու պահը, ցավալիորեն մեր քաղաքական համակարգը թույլ չի տալիս, որ արդյունավետ որոշում կայացնեն թեկուզ իշխանական ճամբարում գտնվող պատգամավորների կամ այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ: Բայց դա տարբերակ է, որը կարող է հիմք հանդիսանալ նաև հետագա բանակցությունների համար: Ամեն դեպքում շատ կարևոր է, որ վտանգավոր դրույթների առկայության դեպքում մենք բավարար մակարդակով հիմքեր, ամբողջական վերլուծություն ունենանք, որ եթե անգամ վերաբանակցման գործընթաց լինի, ապա հիմքերը լինեն»,- ասաց ՀՅԴ պատգամավորը:
Իսկ որքա՞ն է հավանական, որ Հայաստանը կհամարձակվի գազային այդ համաձայնագրերի շուրջ վերաբանակցելու առաջարկություն ներկայացնել Ռուսաստանին: «Բոլոր դեպքերում, եթե միջազգային իրավունքի շրջանակներում վիճարկելի է այդ պայմանագիրը, այն արդեն հիմք է վերաբանակցման համար: Իսկ դա նշանակում է, որ անկախ ՀՀ իշխանությունների կամքի չափից, վճռականությունից, ռուսական կողմը կարող է շահագրգիռ լինել վերաբանակցել: Սա մի մոտեցում է, որը հիմք է տալիս բոլոր կողմերին ավելի ողջամիտ բանակցությունների ընթացք սկսել»,- եզրափակեց Ա. Մինասյանը:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի











































