Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ռազմավարությունն ամբողջովին ձախողվել է: Ինչպես հաղորդում է The Sun-ը, այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ռազմա-ծովային ուժերի նախկին հրամանատար, ծովակալ Ալան Ուեսթը:
«Աֆղանստանում մեր ամբողջ գործունեության արդյունքն, իմ կարծիքով, ժամանակի անիմաստ կորուստն է: Մենք պետք է շատ ավելի վաղ հեռանայինք Աֆղանստանից՝ դեռ առաջին տարվա ընթացքում»,- ընդգծել է նա:
Նրա խոսքերով՝ Աֆղանստանը դարձավ ռազմավարական ձախողում: Սակայն ծովակալի կարծիքով՝ այդ ձախողումն առաջին հերթին քաղաքական է, քանի որ չկար հստակ ըմբռնում, թե իրենք Աֆղանստանում ինչի են ցանկանում հասնել:
Այսպիսով, ծովակալը միացել է բրիտանացի ռազմական մասնագետների մեծամասնության կարծիքին, ըստ որի Աֆղանստանի զգալի մասը կանցնի թալիբների վերահսկողության տակ, երբ ՆԱՏՕ-ն ընթացիկ տարում դուրս բերի իր զորքերը երկրից:








































