BBC բրիտանական մեդիակորպորացիան 2014 թվականին ամենահեռանկարային սկսնակ երաժիշտ է ճանաչել Հարթֆորդշիրից 21-ամյա Սեմ Սմիթին: Նա դարձել է Sound of 2014 հարցման հաղթող (հարցումն անցկացվում է 2003-ից): Հարցումն անցկացվել է երաժշտական ոլորտի քննադատների ու գործիչների շարքում: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Երգիչը հանրությանը հայտնի էր դարձել 2012-ի աշնանը, երբ բրիտանական Disclosure էլեկտրոնային դուետը թողարկել է Սմիթի վոկալով Latch սինգլը: Իր դեբյուտային սոլո ալբոմը (In the Lonely Hour) նա կթողարկի 2014-ի մայիսի 26-ին: Դրա առաջին սինգլը՝ Lay Me Down երգը, արդեն վաճառվում է, իսկ երկրորդը՝ Money On My Mind-ը, պաշտոնապես կթողարկվի փետրվարի 16-ին:
Հարցումների արդյունքում 2-5-րդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Ալլա Էյրը, BANKS-ը (Ջիլիան Բենքս), Սամֆան և Ջորջ Էզրան: Ընդարձակ ցուցակում ներառված է 15 կատարող:









































