«ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ակնհայտորեն կեղծիքով է զբաղված. ասում է, թե յուրաքանչյուրն իր արածների համար պետք է պատասխանատվության ենթարկվի, իհարկե, հետո ուղղեց՝ ասելով, թե դատարանի որոշմամբ, այսինքն՝ ի սկզբանե ասում է՝ առանց դատարանի, հետո՝ որոշմամբ: Այսինքն՝ ընդունեց, որ այս պահին Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները պատասխանատվություն են կրում՝ առանց դատարանի որոշման»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի վերջին հայտարարությանը:
Սաքունցի խոսքերով՝ խախտվել է Շանթ Հարությունյանի անմեղության կանխավարկածը. «Հաջորդը՝ նա հղում է անում դատախազությանը, բայց նույն դատարանի վերաբերյալ ՄԻՊ-ն իր զեկույցով արդեն ասաց, որ նրանց վստահել չի կարելի: Մարտի 1-ի դատավարություններն էլ ցույց են տվել, որ իրենցից արդարադատություն ակնկալելը անիմաստ է»:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ Շանթ Հարությունյանը մեղսունակ է ճանաչվել, մեր զրուցակիցն ասաց. «Շանթ Հարությունյանը գիտակցելով է այդ քայլին գնացել, նա ասել է, որ ավելի լավ է՝ գտնվեմ բանտում, քան այն օդը շնչեմ, որը Հայաստանի իշխանություններն են շնչում՝ նրանք, որոնք այս երկիրը բռնակցում են Մաքսային միությանը:
Պետք է միանշանակ արձագանքեմ, որ դատաբժշկական եզրակացությունը համապատասխանում է իրականությանը, որովհետև Շանթ Հարությունյանը և նրա ընկերները գիտակցել են այդ արարքը: Կունենանք քաղաքական դատավարություն, որի ականատեսը կլինենք, կարծում եմ, շուտով»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































