Մեծ Լոնդոնի ոստիկանության՝ Սկոտլանդ Յարդի աշխատողները, կաշառքի դիմաց քրեական տարրերին մատչում են ապահովել ընթացիկ հետաքննությունների մասին տվյալներին, գաղտնի սարքավորումների մասին խորհրդակցություններին: Այս մասին հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները՝ հղում անելով 12 տարի առաջվա ոստիկանության վիճակի մասին զեկույցին:
Հաշվետվությունը, որը հրապարակվել է Independent-ում, պատրաստվել է 2002-ին անցկացված ներքին ստուգումների արդյունքում: Դրանում հավաստվում է, որ այդ ժամանակ Սկոտլանդ Յարդը խրված է եղել համատարած կոռուպցիայի մեջ:
Մի քանի տասնյակ ոստիկաններ, ովքեր այդ ժամանակ աշխատել են ոստիկանությունում, ինչպես նաև թոշակի անցած ոստիկանները, պարբերաբար գումարներ են ստացել հանցավոր տարրերից՝ տվյալների գաղտնի բազաների հասանելիության դիմաց:
Ավելին՝ որոշ իրավապահներ անձամբ են մասնակցել հանցագործությունների իրականացմանը, ինչպիսիք են թմրանյութերի մաքսանենգությունը կամ խոշոր դրամական միջոցների լվացումը:
Ներքին ստուգումը, որը սկսվել է «բարձրագույն ղեկավարության» նախաձեռնությամբ, ցույց է տվել, որ հանցագործները հասանելիություն են ստացել ամենածանր հանցագործությունների հետաքննության գաղտնի նյութերին և կարողացել այդ կերպ խուսափել պատժից:
Պարբերականի տրամադրության տակ հայտնված զեկույցի հեղինակն առանձին ընդգծել է այդ խնդիրն արմատախիլ անելու Սկոտլադ Յարդի անկարողությունը:
Independent-ի անցկացրած հետաքննությամբ պարզվել է, որ մոտ ութ տասնյակ կոռուպցիոներների աննշան մասն է պատիժ կրել:
Ըստ զեկույցի՝ կոռուպցիոներների կապերը հանցավոր աշխարհի հետ այնքան սերտ էին, որ սպաներից մեկը նույնիսկ ընդհանուր անշարժ գույք է ունեցել հայտնի ավազակի հետ:









































