Սուպերզբոսանավը, որի վերևի տախտակամածին վերստեղծված է հայտնի խաղային տներով Մոնակոյի կենտրոնական հրապարակը, նախագծել է անգլիական նավաշինական ընկերությունը: Ինչպես հայտնում է The Sun-ը, նախագիծը ներկայացվել է մի շարք մասնավոր ներդրողների կողմից, ովքեր մեծ հետաքրքրություն են ցուցաբերել լողացող նորույթի հանդեպ:
155 մետր երկարությամբ վերևի տախտակամածին տեղակայված են կառույցներ, որոնք պատճենում են Մոնակոյի հայտնի շինությունները՝ ներառյալ «Մոնտե-Կառլո» խաղատունն ու «Փարիզ» հյուրանոցը, ինչպես նաև իշխանական պալատը: Երևում է նաև «Ֆորմուլա 1» մրցարշավային ուղու որոշակի հատված: Տախտակամածի վրա են գտնվում նաև լողավազաններ և ուղղաթիռային հարթակ:
Սուպերզբոսանավի ներքին հաստատությունները նույնպես կրկնում են Մոնակոյի պալատների ինտերիերը: Նավի արժեքը կազմում է 370 մլն դոլար:
«Մենք պատրաստ ենք արագ կառուցել զբոսանավը՝ պատվերը ստանալուն պես»,- հայտարարել է ընկերության ներկայացուցիչ Ռոբ Մաքֆերսոնը: Նրա կարծիքով՝ նավը կարող է հետաքրքրել ընկերություններին, որոնք զբաղվում են խաղային բիզնեսով: Միջազգային ջրերում գործելու հնարավորությունը թույլ կտա նրանց խուսափել հարկերի վճարումից:











































