Նախագահի նախկին թեկնածու, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի դեմ ուղղված մահափորձի վերաբերյալ մեկնաբանություններն ու քննարկումները չեն դադարում: Թեպետ այս գործով արդեն հայտնի են կասկածյալների անունները, Բալասանյանի համախոհ, նախընտրական շրջանում նրա մամլո խոսնակ Հայկ Խանումյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ այդ մահափորձը ձեռնտու է իշխանության որոշ ներկայացուցիչների՝ նրանց, ովքեր պատրաստվում են գալիք նախագահական ընտրություններին:
Նրա այս մեկնաբանությունը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԼՂ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը սպեկուլյացիա անվանեց. «Որևէ առնչություն չունի իրականության հետ: Այս պահի դրությամբ խոսել, թե ով է կանգնած այս ամենի հետևում՝ ճիշտ չէ, նաև՝ իրավական տեսանկյունից:
Դեռևս ընթանում է գործընթացը՝ փորձաքննություն և այլն, արդեն կան կասկածյալներ, մեղադրյալներ, բայց այս ամենը պետք է ասվի նաև դատարանի միջոցով, և վերջնականապես կարող ենք իմանալ՝ ովքեր են այդ մարդիկ: Հիմա բոլորս գիտենք, թե ովքեր են ձերբակալվածները, բայց վերջնականապես պարզ չէ, ամեն ինչ հստակ կլինի բոլոր իրավական ատյաններն անցնելուց հետո»,- ընդգծեց նա:
Նրա խոսքով՝ որոշ մարդկանց ձեռնտու են նմանատիպ հայտարարությունները, որովհետև սրանով նրանք լուծում են անձնական և քաղաքական որոշ խնդիրներ:
Մեր այն հարցին, թե բացառո՞ւմ է, որ այդ մահափորձը ձեռնտու լինի իշխանության ներսում գտնվող մարդկանց, մեր զրուցակիցը պատասխանեց. «Բայց ինչո՞ւ պետք է ձեռնտու լիներ, այդպիսի սպեկուլյացիաներին չեմ ուզում անդրադառնալ, ասեմ ավելին՝ դա երևի ձեռնտու էր հենց այն նույն մարդկանց, ովքեր դրա մասին խոսում են:
Սա մի թեմա է, որի մասին պետք է խոսեն-խոսեն, գոռգոռան, լաչառություն անեն և դրանով խնդիր լուծեն նաև ներքաղաքական դաշտում: Միևնույն ժամանակ բոլորը գիտեն, որ ամեն ինչ թափանցիկ է և պարզ, որևէ բողոք չկա. հենց դա էլ իրենց անհանգստացնում է, քանի որ կարող են այնպիսի փաստեր ի հայտ գալ, որ իրենց վարկանիշի, իրենց դեմ դուրս գալ»:
Դավիթ Բաբայանը հավելեց, որ որևէ բողոք չկա, այդ թվում՝ Վիտալի Բալասանյանի կողմից. «Ուղղակի որպես մարդ, քաղաքացի՝ պետք է ամոթանք տամ այդ մարդկանց, երբ Բալասանյանի կյանքին վտանգ է սպառնում, իսկ իրենք փորձում են դա շահարկել»:
Հետաքրքրվեցինք նաև, թե ի՞նչ է անում ԼՂՀ իշխանությունը երկրում նման դեպքերն ու հանցագործությունները բացառելու համար, ինչին ի պատասխան՝ Բաբայանն ասաց. «Ես ասեմ մեկ բան՝ ձեռնարկվում են քայլեր, որպեսզի բացահայտվեն տարբեր հանցագործություններ: Հասարակության անվտանգության առումով Արցախն աշխարհում զբաղեցնում է ամենից առաջատար տեղերից մեկը: Օրինակ՝ եթե Եվրոպայում 10 հազար բնակչության հաշվով հանցագործությունների թիվը կազմոմ է 250-300 մարդ, մեզ մոտ 20 կամ 25 է:
Իսկ այս ամենը համապատասխան մարմինների աշխատանքի արդյունքն է: Իհարկե, կարևոր է, որ այս դեպքը բացահայտվի, բայց միայն բացահայտումը չէ: Գիտեք, վնասազերծվել է մի շատ վտանգավոր ռումբ, և դա արել են համապատասխան մարմինները՝ մարդիկ, ովքեր իրենց կյանքն են դրել փորձության, վտանգի տակ և կարողացել են այդ ռումբը վնասազերծել»:






































