«Նախաքննությունը շարունակվում է, և եթե որևէ մեկը քննիչի կամ դատախազի որևէ որոշում համարում է ոչ իրավաչափ, անհիմն կամ անօրինական, կարող է բողոքարկել»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Շանթ Հարությունյանի հարազատների դժգոհությանը:
Խոսելով Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցից, Գ.Կոստանյանը նշեց, որ փաստեր պետք է լինեն և ներկայացվեն: «Յուրաքանչյուր դեպքում, երբ մամուլում կամ փաստաբանների կողմից կոնկրետ անձի վերաբերյալ հայտարարություններ են եղել, դրանց վերաբերյալ մենք մանրամասն հաղորդագրություն ներկայացրինք և յուրաքանչյուր փաստաբանի ներկայացրած տվյալի կապակցությամբ վերլուծություններ ներկայացրինք: Որևէ փաստաբան չի նշել, թե տեղի է ունեցել կաշառքի կամ կոռուպցիոն այլ դրսևորման փաստ: Փաստաբանը ներկայացնելով իր դիրքորոշումը՝ նշել է, թե քանի որ, իմ կարծիքով, որոշումը ապօրինի էր, հետևաբար քննիչը կամ դատախազը կա՛մ կաշառք են վերցրել, կա՛մ անգրագետ են, կա՛մ վերևից հանձնարարական են կատարում»,- ասաց Գ. Կոստանյանը՝ նշելով, որ, այնուամենայնիվ, այդ հայտարարությունների վերաբերյալ նյութեր նախապատրաստվել են թե՛ հատուկ քննչական ծառայությունում, թե՛ նախաքննության մարմիններում, և կայացվել են որոշումներ, որոնց մեծ մասը չի բողոքարկվել:







































