Հունվարի 3-ի լույս 4-ի գիշերը ժամը 04:00-ի սահմաններում Այգեձոր-Պռոշյան փողոցների խաչմերուկում երգչուհի Լիլուի մեքենան վթարի էր ենթարկվել: Ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեցին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, իրար էին բախվել Երևան քաղաքի Կոմիտաս պողոտայի բնակիչ Լիլիթ Ղուկասյանի վարած Nissan մակնիշի 33 OV 362 համարանիշի և Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ Էդվարդ Բունասազյանի վարած BMW մակնիշի 50 SQ 050 համարանիշի ավտոմեքենաները:
Թե ինչպես է Լիլուի առողջական վիճակը, մենք փորձեցինք ճշտել նրա երաժշտական մենեջեր Լիլինայից: Նա մեզ տեղեկացրեց, որ երգչուհին որևէ վնասվածք չունի, իրականում եղել է փոքր վթար. «Ընդամենը մեքենայի լուսարձակն է վնասվել, թեթև վթար էր, Լիլուն մարմնական վնասվածքներ չունի»:
Նա նաև երգչուհու անունից շնորհակալություն հայտնեց բոլոր երկրպագուներին և ընկերներին՝ անհանգստանալու համար:
Նշենք նաև, որ դեպքի առթիվ Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի ավագ քննիչ Արմեն Կոնջորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:











































