Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը երեկ հակառակորդի կողմից գնդակոծվել է։ Երեկ երեկոյան 8:30-ից ադրբեջանական զինուժը ԴՇԿ գնդացիրներից, դիպուկահարից կրակ է բացել հայկական պաշտպանական դիրքերի և գյուղի վրա։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում գյուղապետ Սամվել Սաղոյանը տեղեկացրեց, որ հակառակորդի գործողություններից վնասվել են տները, տանիքները, մանկապարտեզի ու դպրոցի շենքերը։ Մարդկային վնասներ կամ կորուստներ չկան։
Սաղոյանի տեղեկացմամբ՝ չինարեցիներն առաջին իսկ կրակից հետո անցել են իրենց, այսպես ասած, պարտականություններին։ Գյուղում, ցավալի է, բայց նման դեպքերում երեխաներից մինչև մեծահասակներ, արդեն գիտեն՝ ինչպես պաշտպանվել, ի՞նչ քայլերի դիմել։
Նշենք, որ վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից ակտիվացում է նկատվում։ Օրեր առաջ էլ սահմանի մեկ այլ՝ Բաղանիս գյուղի ուղղությամբ էր հակառակորդը կրակ բացել։ Հայկական կողմից ևս համարժեք պատասխան եղել է։








































