Օրերս Երևանում կայացավ Հայաստանի և Վրաստանի Հանրապետությունների վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Մամուկա Բախտաձեի հանդիպումը, որի ժամանակ անդրադառնալով հայ-վրացական տնտեսական հարաբերություններին, մասնավորապես առևտրաշրջանառությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այն կազմում է 400 մլն ԱՄՆ դոլար, ինչը «բավարար չէ, ողջ ներուժն օգտագործված չէ, և այս ուղղությամբ կարևոր քայլեր կարելի է անել»: Հայաստանի վարչապետի հետ համակարծիք լինելով՝ Մամուկ Բախտաձեն հավելեց, որ պետք է ակտիվ աշխատել առևտրաշրջանառության ծավալը 1 մլրդ ԱՄՆ դոլարի հասցնելու համար: Այդ նպատակով նա առաջարկեց ՀՀ վարչապետին տնտեսական թիմերի առջև խնդիր դնել այդ ճանապարհին առկա խոչընդոտները վեր հանելու և վերացնելու համար: Երկու երկրների վարչապետները ընդգծված շահագրգռվածություն հայտնեցին՝ զարգացնելու քաղաքական, տնտեսական հարաբերությունները, կապերը մշակույթի և կրթության ոլորտներում: Այդ տրամաբանության շրջանակներում էլ տեղի էին ունեցել վարչապետների քննարկումները՝ անդրադառնալով էներգետիկայի, տրանսպորտային հաղորդակցության, զբոսաշրջության, հումանիտար ոլորտներում գործակցության ընդլայնման հնարավորություններին:
Նշենք, որ սա երկու հանրապետությունների վարչապետների առաջին հանդիպումը չէր, բնականաբար՝ ոչ էլ վերջինը: Նման հանդիպումներ ու քննարկումներ եղել են բավականին հաճախակի, մինչդեռ Հայաստան-Վրաստան տնտեսական հարաբերությունների դինամիկան և այդ հարթությունում արտաքին առևտրաշրջանառության ու տնտեսական հարաբերությունների խորացման լուրջ դրսևորումներ այդպես էլ չեն արձանագրվել: 2007թ.-ին մեր ընդհանուր արտահանման մեջ Վրաստանի մասնաբաժինը կազմել է 7.5 %, իսկ ներմուծման՝ ըստ առևտուր անող երկրի՝ 4.1%, ըստ ապրանքի ծագման երկրի՝ 1.4%: 2008թ. Հայաստան-Վրաստան արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 132 մլն դոլար, որից 82 մլն-ը՝ Հայաստանի արտահանումը (7.7%): Ըստ առևտուր անող երկրի հայտանիշի՝ Վրաստանից ներմուծումը կազմել է 182 մլն դոլար, մինչդեռ ըստ ապրանքի ծագման երկրի հայտանիշի՝ մոտ 50 մլն դոլար (1.1%): 2017թ.-ին Հայաստան-Վրաստան առևտրաշրջանառությունը կազմել է 249 մլն դոլար (Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության 3.9%-ը), 2017թ. հունվար-հունիսին Հայաստան-Վրաստան առևտրաշրջանառությունը կազմել է 107.6 մլն ԱՄՆ դոլար, որը Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության 4%-ն էր: 2016թ.-ին այն կազմել է 245 մլն դոլար՝ 4.8 %-ը ընդհանուր առևտրաշրջանառության:
Փաստորեն ոչ միայն ընդհանուրի մեջ Վրաստանի մասնաբաժինը կամ սրա դեպքում Հայաստանի մասնաբաժինը այդպես էլ չի ավելացել, այլև ընդհակառակը՝ նվազել է: Այս տարվա առաջին 6 ամիսներին այն կազմել է ավելի քան 61 մլն դոլար, որը Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության 1.8%-ն է: Ընդ որում, եթե 2017թ. առաջին կեսին Հայաստանից Վրաստան արտահանումը կազմել է 64.6 մլն դոլար, ապա այս տարի՝ հազիվ 28.4 մլն դոլար: Նույնը այս տարվա պարագայում: Մինչդեռ աշխարհագրական առումով Վրաստանը եղել է, կա և մնալու է Հայաստանի ռազմավարության առումով գերկարևոր երկիր:
Հայ-վրացական հարաբերություններում կարևոր նշանակություն ունի հատկապես Վրաստանի տարանցիկ երկիր լինելու փաստը: Հայաստանի ապրանքաշրջանառությունը արտաքին աշխարհի հետ 70%-ով կատարվում է Վրաստանի տարածքով: Հայաստանի և Վրաստանի տնտեսական համագործակցությունը հիմնականում ներառում է տարանցման և վրացական տարածքով դեպի Հայաստան և հակառակը ապրանքաշրջանառության, ինչպես նաև Վրաստանի տարածքով էներգառեսուրսների ներկրման հարցերը։
Վրաստան-Հայաստան ապրանքաշրջանառությունն իրականացվում է երկաթուղով և երեք ավտոճանապարհներով, որոնցից Գուգութին, որ գտնվում է Հայաստանի Տաշիրի շրջանի և Վրաստանի Քվեմո Քարթլիի շրջանի սահմանին, գրեթե զրոյական դերակատարություն ունի: Հիմնականը Բագրատաշենն է: Զգալի է նաև Բավրայի անցակետի ծանրաբեռնվածությունը, որը Բագրատաշենի հետ միասին ապահովում է Հայաստան-Վրաստան, Հայաստան-հյուսիսային հարևաններ, Եվրոպա հիմնական ապրանքաշրջանառությունը, որ իրականացվում է գերազանցապես Փոթիի և Բաթումի նավահանգիստներով: Ռուսաստանի հետ Հայաստանի կապը պահպանվում է հիմնականում ռուս-վրացական սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետով: Վրացական տարածքով է անցնում «Հյուսիս-Հարավ» գլխավոր գազատարը, որով Ռուսաստանից գազ է մատակարարվում Հայաստանին:
Հայաստանից Վրաստան ապրանքների արտահանման կառուցվածքը ներառում է շինանյութեր, ապակե իրեր, պլաստմասսա, անասնաբուծական և գյուղմթերքներ, մեքենաներ, մեխանիզմներ, բժշկական ապրանքներ։ Վրաստանից Հայաստան ներմուծումը ներառում է պատրաստի սննդամթերքներ և գյուղտնտմթերքներ, ազոտային պարարտանյութեր, մետաղե իրեր, օգտագործված ավտոմեքենաներ ու պահեստամասեր:
Վերջին տարիներին զգալիորեն ավելացել է Վրաստանի սևծովյան հանգստավայրերում հանգստացող հայ զբոսաշրջիկների թիվը: Մասնագետների գնահատմամբ՝ Հայաստանից Վրաստանի սևծովյան հանգստավայրերում սեզոնային հանգստի մեկնողների թվի ավելացման շնորհիվ, նաև վրացական հեղափոխությունից հետո այս երկրում ընթացող զարգացումներով պայմանավորված, հայկական բիզնեսը ակտիվացել է Վրաստանի մի շարք շրջաններում, հատկապես ծովափնյա: Վերջին տարիներին Հայաստանից դեպի Վրաստան ներդրումների ծավալներն աճում են, մինչդեռ վրաց գործարարների կողմից Հայաստանում գրեթե ներդրումներ չեն կատարվում:
Հայաստանի երրորդ հանրապետության գոյության ընթացքում, ցավալիորեն նաև առաջին, վրաց-ադրբեջանական տնտեսաքաղաքական հարաբերությունները շատ ավելի դինամիկ զարգացում են ապրել, քան հայ-վրացական: Երկու դեպքում էլ, թերևս, դրանում մեծ է եղել այն հանգամանքի դերակատարումը, որ Հայաստանը դրսևորել է ընդգծված ռուսական կողմնորոշում, մինչդեռ Վրաստանը՝ նույնչափ ընդգծված հակառուսական: Հայկական թավշյա հեղափոխությունից հետո իրավիճակը զգալիորեն փոխվել է: Հայաստանը որդեգրում է ավելի հավասարակշռված, հայակենտրոն քաղաքականություն, ինչը թերևս ավելի փոքրացնում է վրացիների հետ ունեցած հակասությունների դաշտը: Հետևաբար ժամանակն է այս երկրի հետ հարաբերությունների շրջադարձային զարգացման, հատկապես, որ մոտեցումների որոշակի վերանայումներով հանդերձ՝ Վրաստանը ավելի ինտեգրված է ԵՄ-ին, ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների խորացման ձգտումներ ունի, Հայաստանն էլ, լինելով ԵԱՏՄ-ում, ԵՄ-ի հետ հեռանկարային զարգացման ծրագրեր ունի:
Վրաստանը Հայաստանի համար ելք է դեպի Ռուսաստան ու Եվրոպա, Հայաստանն էլ Վրաստանի համար՝ դեպի Իրան ու Մերձավոր, Միջին Արևելք: Այնպես որ, շահերը փոխադարձ են: Մնում է ավելի ակտիվ գործել:




































