«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանն անդրադառնալով ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսմանն ու հրապարակմանը և դրան հաջորդած արձագանքներին, ընդգծեց. «Ես զարմանում եմ այն մարդկանց վրա, որոնք զարմանում են, որ դա իրականացվել է. ժամանակակից հասարակությունը և քաղաքակրթությունը էական փոփոխություններ են արձանագրել, մենք ապրում ենք տեխնոլոգիական դարում, և տեղեկատվությունը ժամանակակից ամենաթանկ արժեքներից մեկն է: ՏՏ հեղափոխության դարում զարմանալի չէ, որ ինչ-որ մեկը կարողացել է այսպիսի գործողություն իրականացնել»:
Արսենյանի խոսքով՝ քանի որ արդեն գաղտնալսված զրույցը հրապարակվել է, կիրականացվեն գործողություններ, և ՀՀ պաշտպանության համակարգում առկա այդ բացը կվերացվի:
Գ. Արսենյանի դիտարկմամբ՝ կարևոր է, թե հատկապես ում են նպատակ ունեցել գաղտնալսել՝ ՀՔԾ պետի՞ն, թե՞ ԱԱԾ տնօրեին: Նրա խոսքով՝ Հայաստանը և Հայաստանի ներքին պաշտպանվածությունը այնքան չէ, որքան թվում է. «Տեղի ունեցածից պետք է օգուտ քաղենք. պետք է փորձենք ամրապնդել երկրի պաշտպավածությունը»:
««Վիվասել» ընկերությունը ևս պետք է ծառայողական քննություն իրականացնի: Եթե օպերատորը տեխնիկական աջակցություն է ցուցաբերել ՀՀ գլխավոր պաշտոնատար անձանց գաղտնալսման գործընթացին, ապա պետք է այդ օպերատորի արտոնագիրը վերցնել»,- նշեց մեր զրուցակիցը:
Նրա կարծիքով՝ այս ինֆորմացիոն արտահոսքով փորձում էին անկայունություն և անորոշություն մտցնել քննչական գործողությունների իրականացման գործընթացում: «Հնարավոր է, որ ՀՔԾ-ն իր փնտրտուքի մեջ մոտեցել է մի բանի, որը կենաց-մահու հարց է այն մարդկանց համար, ովքեր հիմա ուզում են ուշադրություն շեղել»:
«Ընկերական հորդոր եմ ուղղում ԱԱԾ պետին՝ տեղի ունեցածը նաև ԱԱԾ տնօրենի ամրության ստուգման տեստ է: Խնդիրը Վանեցյանը չէ, խնդիրն այլ տեղ է»,- նշեց Արսենյանը: Նա նաև ընդգծեց, որ տեղի ունեցածը ՀՀ-ի դեմ լպիրշ և հանդուգն մարտահրավեր էր:
Մանրամասն՝ տեսանյութում:










































