Հասարակական մոբիլիզացման խնդիրը Հայաստանի հասարակական-քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցն է: Հասարակական-քաղաքական կյանքի, պետության առողջացման խնդրով իրապես մտահոգ բոլոր անհատներին ու խմբերին հուզում է հենց այդ հարցը: Նրանց առաջ այդ խնդիրն է՝ ինչպես հասնել հանրային այնպիսի մոբիլիզացման, որը թույլ կտա իշխանության առաջ դնել բավական հիմնարար խնդիրներ և ստիպել կամ լուծել դրանք, կամ հրաժարական տալ: Այսինքն՝ իշխանությանը բերել «կամ-կամ»-ի և թույլ չտալ ավանդական «և-և»-ի շրջանակում լուծել վերարտադրության և գոյության հարցերը:
Ինչու հիշեցինք մոբիլիզացման մասին տարվա ամենասկզբին, երբ հայ ժողովրդի մեծամասնությունը, Հայաստանի հասարակության մեծամասնությունը, որ նախընտրում է դժգոհել և բողոքել խոհանոցներում, խոհանոցից դուրս է գալու վազելով ոչ թե հրապարակ՝ բողոքելու, այլ ընդամենը հյուրասենյակ՝ ընտանիքի անդամների, հետո հարևանների, հետո ընկերների, հետո ընկերների ընկերների հետ Նոր տարի նշելու: Ի դեպ, սա եզակի դեպք է, որ պետք է խրախուսել տանը մնալը, պարտադիր չէ, իհարկե, ֆիզիկական իմաստով, այլ ավելի շատ հոգեբանական՝ այսինքն՝ ընտանիքի, հարազատների, մտերիմների շրջանակում մնալ ու Նոր Տարին դիմավորելը, կարևոր չէ տանը, փողոցում ինչ-որ մի տոնածառի մոտ, թե որևէ ժամանցային վայրում: Կարևորը նեղ ու ջերմ շրջանակն է, որ բխում է Տարեմուտի ջերմությունից:
Նոր Տարին ընտանեկան տոն է: Բայց որպեսզի Նոր տարին լինի իսկապես տոն, ոչ թե հախուռն վազք կամ ընդամենը կարճատև փախուստ առօրյա ծանրությունից, տարվա մյուս օրերին մարդիկ պետք է դադարեն ամփոփվել նեղ, մտերմիկ շրջանակներում և դուրս գան դրանից՝ գիտակցելով, որ ընտանեկան տոներից բացի, կա նաև հասարակական, ընդհանուր առօրյա, որտեղ բոլորս ունենք միևնույն խնդիրները, միևնույն մարտահրավերները, որոնք հաղթահարելը, կանխելը, լուծելը բծում են մեր բոլորի շահերից, պայմանավորում են նաև մեր նեղ շրջապատների բարեկեցությունը, իրավական պաշտպանվածությունը, անվտանգությունը: Եվ ահս, սրա համար Հայաստանում պակասում է հանրային մոբիլիզացիան, որը թույլ կտա լուծել այդ խնդիրները:
Եվ ինչու հիշեցինք մոբիլիզացման մասին: Որովհետև այս օրերին Հայաստանի հասարակությունը մոբիլիզացվել էր և է, բայց ամբողջովին այլ նպատակներով: Հայաստանում տեղի էր ունեցել հասարակության ակամա մոբիլիզացիա՝ ամանորյա սննդի հետևից վազքի նպատակներով: Երևանյան առևտրային տարածքներում ասեղ գցելու տեղ չկար, խցանումներ էին, մարդիկ փորձում էին միմյանց շրջանցել մեկ րոպե չուշանալու համար, ոչինչ բաց չթողնելու համար:
Տեղի ունեցողը երևանյան սովորական պատկեր էր: Գուցե սովորական պատկեր է բոլոր երկրների, զարգացած երկրների համար էլ, սակայն Հայաստանում այս պատկերը առավել ցայտուն էր, որովհետև այն չէր լուծվում տարածության մեջ, բնակչության հսկայական քանակի մեջ, ու նաև ձևավորվում էր մոտ 50 և ավելի տոկոս աղքատության, իրական աղքատության պայմաններում: Սա հայաստանյան պարադոքսն է՝ մարդիկ իրենց իրավունքի, ազատության, արժանապատվության, անկախության, իրենց ապագայի համար չեն մոբիլիզանում փողոցում, փոխարենը մոբիլիզացվում են առևտրի կենտրոններում և վազում չգիտես թե՝ ինչի հետևից, չգիտես թե՝ ինչի համար. ամանորյա ճոխ սեղանների և հետո դատարկ սառնարանների համար: Սա հատկանշական դրվագ է Հայաստանում ոչ միայն մշակութաբանական ուսումնասիրությունների, ազգագրական կամ սոցիոլոգիական դիտարկումների, այլ նաև հասարակության, այսպես ասած, հասարակական-քաղաքական պոտենցիալը հասկանալու համար, որը շատ կարևոր է քաղաքական կամ քաղաքացիական պայքարը կառուցելու համար: Ինչու ապագայի համար պայքարում չեն մոբիլիզանում, իսկ ահա սննդային վազքը մարդկանց մոբիլիզացնում է կամա թե ակամա:
Չենք հավակնում տալ այդ հարցի պատասխանը, բայց պատասխան գտնել պետք է, և այս իրավիճակը, որ կրկնվում է ամեն Տարեմուտին ընդառաջ, երևի խորքային ուսումնասիրության, հոգեբանական ուսումնասիրության դեպքում կլինի կարևոր հարցերի վերաբերյալ պատասխան ստանալու լավ հնարավորություն:
Խնդիրը ամենևին վազքը դատապարտելը չէ: Խոսքը հասկանալու մասին է, հանրային մոտիվացիաները հասկանալու, թե Հայաստանի հասարակության ինչ շերտավորումներ կան ըստ մոտիվացիաների, մոտիվացիոն կողմնորոշիչների, խթանների, ինչպես է հնարավոր ձևավորել ընդհանուր մոտիվացիա, երբ մոբիլիզացիան կուղղվի ապագային, կուղղվի հասարակական-պետական հիմնախնդիրների լուծմանը:
Այս մտորումները երևի թե հարիր չեն տոնական մթնոլորտին: Բոլորն ուզում են գոնե մի քիչ հանգստանալ առօրյայից բոլոր դեպքերում, սակայն մեր տոները վաղուց արդեն դադարել են մեզ համար հանգիստ լինել, որովհետև չափից շատ է առօրյայի անհանգստությունը:
Տոները ավելի շուտ վերածվում են ժողովրդի համար «օփիումի», որը մարդկանց ոչ թե օգնում է լիցքավորվել առօրյայի համար, այլ ջլատում է նրա կամքը: Մինչդեռ տոնի բուն նպատակը պետք է լինի մարդկանց, հասարակություններին լիցքավորելը, մոտիվացնելը: Մոտիվացնել, սակայն, ոչ թե բուն տոնի, այլ հենց առօրյայի համար:
Մեզանում այս ամենը շարունակում է մնալ գլխիվայր, իսկ խոհանոցից դուրս եկած և Տարեմուտի սեղաններին մոտեցած հասարակությունը կամաց-կամաց կսկսի վերադառնալ խոհանոց՝ եփելու, թափելու, բողոքելու, մինչև հաջորդ Նոր տարի:












































