Ֆրանսիական Carrefour սուպերմարկետների ցանցի արգենտինական մասնաճյուղը երկուշաբթի օրը «մատակարարների անտեղի կատակ» է անվանել համացանցում տարածված կեքսի լուսանկարը, որի բաղադրության մեջ, համաձայն պիտակի, կա կոկաին: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Նշենք, որ ընկերության վաճառած կասկածելի լցոնով վանիլային կեքսի լուսանկարը արգենտինական սոցցանցերում ստացել է վիրուսային տարածում: Լուսանկարում կարելի էր կարդալ մթերքի բաղադրությունը, որը ներառում էր «12 գրամ կոկաին»:
Նմանատիպ իրարանցումը ընկերությանը ստիպել է այդ կապակցությամբ մամլո ասուլիս կազմակերպել: «Carrefour Արգենտինան ցանկանում է իր հաճախորդներին վերադարձնել հանգստությունը և հայտարարում է, որ ընկերության արտադրած կեքսերի բաղադրության մեջ ոչ մի արտասովոր բաղադրիչներ չեն մտնում, մասնավորապես՝ այնպիսիք, որոնք նշվել են սոցցանցերում:
Խոսքը կեքս արտադրող ընկերության աշխատակիցներից մեկի կողմից պիտակի միտումնավոր աղավաղման կամ անտեղի կատակի մասին է, որը հետո վաճառվում է Carrefour ապրանքանիշի ներքո»,- նշվել է մամլո ասուլիսում:







































